Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասինհայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեցին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» հ/կ նախագահ Ստյոպա Սաֆարյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ այն հիմնականում որակելով կանխատեսելի:

«Որևէ անսպասելի բան տեղի չունեցավ,-ասաց Վիգեն Հակոբյանը,-այս հանգուցալուծման վերաբերյալ արդեն շատ երկար ժամանակ՝ գրեթե հենց այն պահից, երբ մոսկովյան բանագնացներն այստեղ բանակցություններ անցկացրեցին Սերժ Սարգսյանի և  Գագիկ Ծառուկյանի հետ, դրանից հետո անմիջապես փաստացի տեղեկատվական արտահոսքեր եղան, որ Գագիկ Ծառուկյանն ակտիվ քաղաքականությունից դուրս է գալիս: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն անելու է այն, ինչը պահանջեց Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ եղավ այն, ինչ պահանջվում էր. «Պարզապես իրավաբանորեն ֆիքսվեց այս նոր կարգավիճակը. Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից, բայց մնում է գործարար, սակայն, իմ կարծիքով, արդեն ոչ որպես ազդեցիկ օլիգարխ, այլ ուղղակի որպես խոշոր գործարար»։

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը ողջունում է Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականությունից հրաժարվելու որոշումը. «Շատ ուրախ եմ, որ առաջադրվել է կին քաղաքական գործիչ, մասնավորապես` վաղուց հասարակությանը հայտնի Նաիրա Զոհրաբյանը»։

Նա հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ իր ընտրած քաղաքական պայքարի մեթոդները տանելու են մայդանի, բախումների, ընդհարումների, և ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, չցանկացավ այդ ճանապարհով գնալ:

«Նա հրաժարվեց այդ քաղաքականությունից` կուսակցությանը թույլ տալով ընտրել այլ ճանապարհ, այնպիսին, որը չի վտանգելու իր համաքաղաքացիների անվտանգությունը: Նոր կուրս, նոր մարդիկ և նաև ծրագիր, սակայն այդ ծրագիրը պետք է լինի այլընտրանքային ծրագիր` այն ծրագրին, որը գոյություն է ունեցել մինչև հիմա»,-ասաց նա:

Ազատ Արշակյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականությունից հրաժարվելու բացատրությունը տեղին է և ամբողջական:

«Այն ծրագիրը, որն ունեցել է գոնե վերջին երկու ամիսներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վտանգավոր ճանապարհ էր: Եթե մարդ հայտարարել է, որ գնում է արտահերթ ընտրությունների և չարիքի իշխանությունը արմատախիլ անելու, դա նշանակում է, որ նա հրաժարվել է այդ ճանապարհից»,-ասաց նա և հավելեց, թե կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը կյանքի թելադրանք էր:

«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» հ/կ նախագահ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ նշեց, որ կարելի է եզրակացնել՝ Գագիկ Ծառուկյանը մեկընդմիշտ է դուրս գալիս քաղաքական դաշտից:

«Սա վստահաբար կարող ենք ասել, որովհետև նա իրեն դուրս է դնում իր ստեղծած կուսակցությունից և հռչակում է, որ այլևս որևէ կապ չի ունենալու կուսակցության հետ»,-ասաց նա:

Հարցին, թե վերջին իրադարձություններից հետո սպասելի՞ էր Գագիկ Ծառուկյանի որոշումը, քաղաքագետը պատասխանեց. «Ծառուկյանը շատ ռիսկեր ուներ ու դրանք բոլորը չէր հաշվարկել: Այս կտրվածքով, անշուշտ, սպասված էր»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ կուսակցության կազմալուծման կամ ապամոնտաժման խնդիր չի դրվի:

«Դրված է ԲՀԿ-ին իր նախկին ռելսերի վրա դնելու խնդիր՝ ինչպիսին էր 2007թ.-ին: Այսինքն՝ լինի քաղաքական ուժ, որը կարող է քննադատել իշխող կուսակցությանը, բայց չի կարող նրա համար վտանգ ներկայացնել: Կարող է ցանկության դեպքում լինել իր կրտսեր գործընկերը կառավարությունում, բայց ոչ ավելին: Հիշենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը լուծեց ոչ միայն կառավարության փոփոխության խնդիր, ինչի հարցով նախորդ տարվա ապրիլի 3-ին Սերժ Սարգսյանը գնաց ընդառաջ, բայց դրանից հետո ներկայացվեց ավելին ստանալու խնդիր ու չներվեց»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել