Tert.am–ը գրում է.
Եթե միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև ընթացող իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ առաջընթաց գրանցվի, նրանց կարող են միանալ ԱԳ ղեկավարները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին:
«Հաջորդ հանդիպումը նշանակված է մարտի 15-ին: Կմիանա՞ն, արդյոք, նրանց երկրների ԱԳ նախարարները՝ կախված կլինի նրանից, թե կգրանցվի՞ անհրաժեշտ առաջընթացը, թե՞ ոչ», - ասել է Արաքչին:
Արաքչին ընդգծել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, «վեցնյակի» հետ հանդիպմանը կնախորդեն ԱՄՆ և Իրանի արտաքին քաղաքականության գերտեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Մոհամադ Ջավադ Զարիֆի երկկողմ բանակցությունները:
Ավանդաբար Իրանի միջուկային դոսյեի շուրջ քննարկումներն անցկացվում են փոխարտգործնախարարների մակարդակով:



