Tert.am-ը գրում է․
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Հայաստանը գնում է միակուսակցական համակարգի: Այս մասին այսօր նա հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:
«Ամենահեշտ գործը քո ձախողումների մեջ դիմացինին մեղադրելն է: Ցանկացած ոլորտում երբ ձախողվում ես ու սկսում մեղավորներ գտնել, ցանկացած ձախողման մեջ պետք է քո մեղքը գտնես»,-ասաց Է. Շարմազանովը՝ ի պատասխան լրագրողի հարցադրման, թե ԲՀԿ-ից հեռացած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ գնում են միակուսակցական համակարգի:
ԱԺ փոխնախագահը նաև հարցրեց, թե հնարավո՞ր է, որ 24 ժամվա մեջ լուրջ, կայացած, գաղափարական կուսակցությունը 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխի:
«Ի՞նչի են մեզ մեղադրում, մենք այսօր էլ հայտարարում ենք, որ մենք Հայաստանում ազատ, բաց մրցակցության, հրապարակային, քաղաքական պայքարի կողմնակից ենք: Մենք գտնում ենք, որ այստեղ քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական հունով, և պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր կուսակցության ու գործիչների հետ նստել ու դեբատների միջոցով ճշտել՝ ով է ճիշտ, ով է սխալ»,-ասաց նա:



