1in.am-ը գրում է․

ՀՀ ֆինանսների նախարարությունը չի շտապում հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում իրականացվող ստուգումների արդյունքները:
«Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան, նախարարությունից ասել են, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունները դեռևս ընթացքի մեջ են, ուստի իրենք չեն կարող դեռևս հայտնել, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել:
Մենք նախարարությունից մասնավորապես ցանկանում էինք պարզել` արդյո՞ք նախարարությունը ստուգումների ժամանակ հաշվի է առնում, ստուգումներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող այն հաստատություններում, որոնք գրանցված են նրա մոր, կնոջ, դուստրերի եւ այլ ազգականների անուններով: Բացի այդ` ստուգվո՞ւմ են, արդյոք, այն բիզնեսները, որտեղ Գագիկ Ծառուկյանը համասեփականատեր է:
Ֆինանսների նախարարությունը, սակայն, հրաժարվել է պատասխանել նաև այս հարցին` նշելով, որ մեր այս հարցերին հնարավոր կլինի պատասխանել միայն ստուգումների ավարտից հետո: Միևնույն ժամանակ, նախարարությունը չի նշել, թե երբ կավարտեն ստուգումները:
Հիշեցնենք, որ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ իրականացնելու հրահանգը վարչապետ Հովիկ Աբրահամյանին տվեց Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր հայտնի ելույթի ժամանակ` ցանկանալով պարզել Ծառուկյանի «չնչին բարեգործությունների» ծագման իրական աղբյուրները:



