Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը բնաջնջած Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի մերժումը, փաստորեն, կնշանակի, որ Հայաստանի տարածքում գերակա իրավական ուժ ունի Ռուսաստանի սահմանադրությունը: Ըստ էության, այնպես է ստացվում, որ Հայաստանի տարածքում ցանկացած հանցագործություն կատարած Ռուսաստանի քաղաքացին կարող է խուսափել ՀՀ օրենքներով նախատեսված պատասխանատվությունից, եթե հասցնի իրեն գցել ռուս սահմանապահների ձեռքը կամ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի օբյեկտներից որևէ մեկը՝ ռուս հրամանատարներն իրավունք չունեն իրենց համաքաղաքացիներին հանձնել այլ երկրների իրավապահներին: Առավել ևս, եթե այդ այլ երկրի իրավապահներն ամենևին էլ ջանք չեն գործադրում իրենց պետության տարածքում իրենց համաքաղաքացիների դաժան սպանությունը կատարած հանցագործին պատասխանատվության կանչել սեփական օրենսդրության դրույթներին համապատասխան: Ենթադրություններ են արվում, որ հայ իրավապահները հենց իրենք են հանձնել Պերմյակովին ռուս զինվորականներին՝ միջպետական հարաբերություններում ինչ-ինչ գլխացավանքներից ազատվելու համար: Իրականում, հարցի այսպիսի լուծումն առաջիկայում երկկողմ հարաբերությունների համատեքստում մեծագույն գլխացավանքն է դառնալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/581923448610017?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել