168.am-ը գրում է․
Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար: Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները ևս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ վճարի իր ժխտողական լոբբինգի համար: Խանդավառված իրենց խոշոր հաղթանակով Լոս Անջելեսում՝ ամերիկահայերն այժմ պետք է ընդլայնեն իրենք քաղաքական ակտիվությունը՝ դաս տալու Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական Բիլ Շուստերին, որը խայտառակ նամակ է գրել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով նրանց չաջակցել սպասվող Հայոց ցեղասպանության բանաձևին: Շուստերն անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին հղած իր «Հարգելի գործընկերներ» նամակում անամոթաբար կոչ է արել. «զերծ մնալ մի բանաձևի սատարումից՝ կողմ չբռնելով պատմական բանավեճում իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ աշխարհի մյուս ծայրում»: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում կոնգրեսականը Հոլոքոստի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «աշխարհի մյուս ծայրում» ավելի քան 70 տարի առաջ… Իր լկտի նամակում կոնգրեսական Շուստերը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը՝ հայտարարելով, որ առկա են «երկու հակասական պատմություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հետ»: Իր այլասերված տրամաբանությամբ կոնգրեսականը պնդում է, որ «1915 թ. իրադարձությունները…. ցեղասպանություն չեն հանդիսանում», որովհետև «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդեր, արաբներ և մահմեդականներ… նույնպես տուժել են այս հակամարտությունում»: Նրա հղումը «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդերի» կորստին Առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիայի կառավարության համար գործող լոբբիստական ընկերություններից մեկի կողմից շարադրված վերջին կեղծիքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



