Համեմատաբար հանդարտ քաղաքական շրջանում անգամ որոշ ուժեր փորձում են «արհեստական շնչառությամբ» դաշտը վերադարձնել իր հին տեմպերին, իսկ ընդդիմադիր բևեռում առաջացած թափուր տեղն ամեն գնով լրացնել:
Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսում է Քաղաքացիական բանակի ձևավորման մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այն ժողովրդին համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է:
Հետաքրքիր է, թե ինչ է իրենից ներկայացնելու «քաղաքացիական բանակը»: Մենք բոլորս, կարծում եմ, շատ լավ հասկանում ենք «բանակ» բառի նշանակությունը, բանակի առաքելությունն ու հիմնական գործունեության բովանդակությունը, սակայն ի՞նչ է իրենից ներկայացնելու քաղաքացիական բանակը, և մինչև ո՞ւր են գնալու Սեֆիլյանի ստեղծած «գումարտակները»: Մինչ ստեղծելը պետք է այս հարցերին ֆունդամենտալ բացատրություն տրվի, օրինակ, թե ո՞րն է լինելու Քաղաքացիական բանակի հիմնական գործառույթը` կրակելո՞ւ է, ծեծելո՞ւ է չհնազանդվողներին, թե՞ քարերով հարվածելու է ոստիկաններին:
Մեզ համար գաղտնիք չէ, որ հասարակական կյանքում, քաղաքական հարթակներում շատ են մարդիկ, ուժերը, ովքեր չեն կիսում Հիմնադիր խորհրդարանի և մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական հայացներն ու տեսլականը: Արդյո՞ք քաղաքացիական բանակը պատրաստվում է «մարտնչել» իրենց գաղափարները չկիսողների դեմ:
Ես հարգում եմ Սեֆիլյանին որպես ազատամարտիկ, բայց, հաշվի առնելով նրա ռադիկալ մոտեցումներն ու ծայրահեղական գաղափարները, կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է զերծ մնալ նման նախաձեռնություններից:
Նման գործընթացներն ամեն դեպքում պայթունավտանգ են և պարունակում են մի շարք ռիսկային գործոններ: