Ներքաղաքական վերջին զարգացումներն ընդդիմադիր դաշտում լուրջ փոփոխությունների ազդակ հանդիսացան: Եռյակի ձևաչափի փլուզումից հետո նկատվում է այսպես կոչված «մարգինալ» ընդդիմադիր ուժերի ակտիվացում: Այդ ուժերը որոշել են օգտվել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումից՝ իրենց ներքաղաքական ազդեցությունը ուժեղացնելու համար:

Եվ ահա ներքաղաքական ներկայիս զարգացումներին առաջինը արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի օր առաջ խոսում էր «ինստիտուցիոնալ ընդդիմության» կարևորության մասին, արդեն առաջինն քայլն է կատարում այդ ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումն արդեն իսկ սկսել է զբաղվել կուսակցության վերածվելու աշխատանքով:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր առջև խնդիր է դրել պատրաստվել հերթական ընտրություններին՝ այդ ճանապարհին հանրային-քաղաքական միավորումից վերածվելով կուսակցության:

Կուսակցություն ստեղծելու գործընթացը որևէ բացառիկություն չունի, քանի որ Հայաստանում կան բազմաթիվ ոչինչ չասող կուսակցություններ, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ ասել է, թե «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծում:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորումն «ինստիտուցիոնալ ընդդիմության» ձևավորումը, ի տարբերություն սովորական ընդդիմության, պայմանավորում է մի շարք առանձնահատկություններով. «ինստիտուցիոնալ ընդդիմությունում» չպետք է լինեն սուպերլիդերներ, այլ պետք է լինի սուպերթիմի առկայություն, «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» պետք է ունենա ապագայի ծրագիր, ինչը ներառելու է ստվերային կառավարություն ասվածը, ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է լինի համակարգայինն ընդդիմություն:

Թե որքանով կհաջողվի Հայաստանի ներքաղաքական զարգացումների պայմաներում Նիկոլ Փաշինյանին ստեղծել նման որակներով ընդդիմություն, դեռևս հարցական է, բայց որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քայլ առաջ անցնել այլ ընդդիմադիր ուժերից, դա փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել