Թուրքական դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տուգանել է 10.000 թուրքական լիրաով:
2011 թ. հունվարի 8-ին Կարս կատարած այցի ժամանակ դեռևս վարչապետ Էրդողանը քաղաքի 35-մետրանոց «Հումանիզմի հուշարձանը», որը ստեղծել է քանդակագործ Մեհմեդ Աքսոյը, անվանել էր «հրեշավոր»:
Ըստ Ստամբուլի դատարանի որոշման, որը կայացվել է մարտի 3-ին, Էրդողանը պետք է վճարի 10.000 լիրա Աքսոյին՝ որպես բարոյական հատուցում:
Աքսոյը դատարանի վճիռը չի ընդունել, նա իր հայցով որպես փոխհատուցում պահանջել է 100.000 լիրա, քանի որ Էրդողանը պիտակավորել և վիրավորել է իր աշխատանքը՝ ասելով «հրեշ»: Սակայն Էրդողանի փաստաբանը հակադարձել է՝ ասելով, որ դա եղել է ոչ թե որպես վիրավորանք, այլ քննադատություն:
Արձանի տեղադրման հարցը Կարսի քաղաքապետարանի օրակարգ էր մտել 2005 թ. քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլու առաջարկությամբ, ով այդ ժամանակ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամ էր: Քաղաքապետը հանձնարարել էր Աքսոյին կառուցել հուշարձան, որը կխորհրդանշի հայ-թուրքական բարեկամությունը:
2008թ. երբ Ալիբեյօղլուն որոշում է լքել իշխող կուսակցության շարքերը և միանալ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP), կենտրոնական իշխանությունը որոշում է ընդունում դադարեցնել արձանի կառուցումը՝ պնդելով, որ այն կառուցվում է պետության կողմից պահպանվող պատմական տարածքի վրա, ապա արդեն ավելի ուշ Էրդողանի առաջարկով որոշվում է ապամոնտաժել արձանը:



