“Մարդիկ դժգոհ են, մարդիկ դեռևս հիասթափված են:
Դժգոհություններն առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են, համապետական և տեղական իշխանությունների գործունեությունից են, հեռանկարի և հույսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդեպ հավատի կորստից են:
Հասարակական հոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էության, մեր երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թե՛ զարգացման, թե՛ փոփոխությունների ճանապարհին: Մենք փոխելու ենք, իհարկե, այս իրավիճակը, մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու և հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը միակ անխոցելի և հեռուն տանող ճանապարհն է: Բայց պետք է արդյունքներ տեսնեն… պետք է հավատան, ուղղակի հավատան’’։
Սրանք իմ խոսքերը չեն, սրանք երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի խոսքերն են՝ ասված ընդամենը 10 օր առաջ։ Ես կիսում եմ այստեղ ասված յուրաքանչյուր միտք, ավելին՝ զգացողություն ունեմ, թե ես եմ գրել ու համոզված եմ, որ դժվար թե Հայաստանում գտնվի որևէ մեկը, որ չհամաձայնի այս պարզ ու մերկ ճշմարտության հետ։ Ես ես ու ինձ նման հազարներ, որ վստահաբար հոգնել, ձանձրացել, նույնիսկ զզվել են շարունակ դժգոհելուց, անորոշությունից, համատարած հուսահատությունից ու հայացքը Հայաստանի սահմանից դուրս ապրելուց, պիտի փորձեն հավատալ։ Հավատալ, որովհետև ի վերջո խոսքը Հայաստանի ու մեզանից յուրաքանչյուրի ճանապարհին ու հեռանկարին է վերաբերում։
Հավատալու, փոխելու ու փոխվելու քրիստոնեական ուղերձներն ուղեղիս մեջ, մեր կորուստների ու դառնութունների բեռից հոգնած, դուրս եմ գալիս տանից ու առաջին անգամվա պես ներշնչում հավատալ ինձ, նախագահին ու Հայաստանին։ Կյանքը հիասքանչ է` ներշնչում եմ ինձ ու երևանյան ազնվական աշնան մեջ ներշնչաքն առավել համոզիչ է դառնում:
Բայց հավատիս բանաձևը երկար աներեր չի մնում. աշնան արևը մեղավոր չի` լրահոսը գուժում է. բանակում երկար ժամանակ տավարի փոխարեն գոմեշի անորակ միս են մատակարարել… երկար ժամանակ…. ու հավանաբար հենց այն ժամանակ ու ամեն օր, դիպուկահարի թիրախի տակ շնչող իմ զինվորին, այն ժամանակ, երբ հարազատի սրտացավությամբ քննադատում-խոսում էինք Հայոց բանակի ամենաթողությունների մասին, իսկ նրան տոնից տոն սիրող ու նրանից քարոզչական պլակատ սարքող տեսակը մեզ մեղադրում էր թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար։
Կաշառակերներին ու հանցագործներին գլխից պիտի բռնել՝ հորդորում է ՀՀ նախագահն ու առայժմ բռնում Կապանից ինչ որ մսի կոմբինատի տնօրենի, որն անշուշտ այս գործի գլուխը չէր կարող լինել….
Հավատիս խոցված բանաձևը թափ եմ տալիս ու երևանյան երկարող, առաջվա պես ազնվական աշնան մեջ, այնուամենայնիվ, ինձ ներշնչում, որ կյանքը հիասքանչ է…
Ու դարձյալ հավատիս փորձաքար լրահոսը՝ Կառավարության որոշումով ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքը 51 միլիոն դոլարով վաճառվելու է օտարերկրացի ներդնողի. Հյուրանոց են կառուցելու։ Նյու-Յորքյան երկնաքերի մեկ բնակարանի գնով Երևանի սրտում մի ամբողջ հյուրանոց ձեռք գցելը որոշների համար շահեկան է, շատերիս համար՝ անպատվություն, վիրավորանք, բաժանում ու օտարում,,,, Ու ես՝ միամիտս, դարձյալ փորձում եմ հավատալ… Շատ-շատ եմ ուզում հավատալ, որ մեր արտաքին ճակատի բազմաթիվ ձախողումների պատճառն արտաքին գերատեսչության անհարմարավետ շենքն էր, գուցեև երգող շատրվաններից տարածվող զովը կամ մեղեդին, ուզում եմ հավատալ նաև, որ Գերմանիայից նվեր ստացած կապույտ մերսեդեսն էլ ավելի արդյունավետ կդարձնի գերատեսչության և հատկապես նախարարի աշխատանքը, և ամենակարևորը` հյուրանոց դարձած ԱԳՆ-ի ճակատին ծածանվելիք օտարերկրյա դրոշներն ավելի զգոն ու պատասխանատու կդարձնեն կառավարությունը, բայց չեմ կարող ոչ թե հավատի, այլ զուտ իմացության դաշտից չբղավել՝ Օրենքն է սահմանում իշխանություն՜ ոչ թե իշխանությունը օրենք։
Ինչու՞ ինչու՞ է ՀՀ օրենքների շրջանցումով այդպիսի գործարք կատարվում. Ու ինձ թույլ եմ տալիս անդառնալիորեն վիրավոր Թամանյանի անունից հարց տալ՝ ինչու՞ է ազգային մշակութային ժառանգություն հանդիսացող կառույցն օտարվում առանց համապատասխան գերատեսչության եզրակացության, առանց հանրային կարծիքի։ Հենց էն հանրության կարծիքի, որին պատկանում էր այդ շենքը, հենց այն հանրության, որ “հեռանկարի ու հույսի պակասից’’ լքում է երկիրը, հենց էն հանրության, որի հավատի վերջին փշուրները սնելու կոչ է անում նախագահը։
Բյուջեում գումար չկա՝ մոտավորապես սա է պաշտոնական հիմնավորումը, ու այդ նույն պաշտոնական աղբյուրները շարունակում են լուրեր տարածել, թե ինչպես է թալանվում իմ ու իմ հայրենակիցների միջոցներով գոյացող բյուջեն, իմ երկիրը, նրա ընդերքը….
Ու դարձյալ լրահոսը՝ ՀՀ Միգրացիայի պետական ծառայության տվյալներով այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է 90հազար 800 ի՝ անցյալ տարվա համեմատ 21 % ով ավելի։
Մեղքը ձեր մեջ գտեք` մոտավորապես այսպես, դաս տվողի տոնայնությամբ ասում է ՌԴ դեսպան Վ.Կովալենկոն, և դժվարանում ես հակառակել, որովհետև մեր համոզմունքերը, սպասումներն ու հավատը սնող իրական ու շոշափելի սրբագրումներ չենք տեսնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել