Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարելի էր համարել նրա հրաժեշտի խոսքը քաղաքականությանը: 2008-ից ի վեր, երբ տարիներ շարունակ լռության «Ագռավաքարում» փակված Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես խոսեց ու ներքաշվեց ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, նա երբեք նման դժգույն ու որևէ ծրագիր չպարունակող ելույթ չէր ունեցել, երբեք երկրի հիմնադիր նախագահը նման հեգնանքով չէր խոսել ընդդիմության մյուս թևերի մասին՝ ըստ էության, այսպես ոչնչացնելով ընդդիմադիրներից շատերին, որոնց, իր նախորդ ելույթներից մեկում, նա մարգինալներ կոչեց: Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ էր եկել պատասխանելու իր հասցեին հնչած մի քանի քննադատության և դրանով ավարտելու իր առաքելությունը: Հենց այսպես ընկալվեց նրա ելույթը, որովհետև այս անգամ, առավել քան երբևէ, նա լուրջ ասելիք և քաղաքական օրակարգեր չուներ, չէր տեսնում պայքարի որևէ ուղի և ընթացք: Ավելին, հեգնանքով խոսելով մի շարք ընդդիմադիրների մասին, Տեր-Պետրոսյանն ինքնըստինքյան միացավ բոլոր նրանց, ովքեր ներկա ընդդիմությանը համարում են պարպված և ոչ գործնական:
Ինչո՞ւ էր նման տեքստ ներկայացնում Տեր-Պետրոսյանը հանրությանը, ինչո՞ւ էր նրա ելույթը նման իշխանական դիրքերում կանգնածի ելույթի: Պատասխանը մեկն է. Տեր-Պետրոսյանն այլևս ասելիք չունի, նա լավ է հասկանում, որ ինքը, որպես ընդդիմության առաջնորդ, այլևս սպառել է իրեն՝ բավարարվելով մի քանի հռետորական կոչերով, որոնք հիմա այլևս չունեն այն խարիզման ու խանդավառությունը, որոնք Տեր-Պետրոսյանին մշտապես պահում էին քաղաքական իրադարձությունների բարձունքին: Նրա ելույթն, իհարկե, կապիտուլացիայի նշան չէր, սակայն ինչ-որ ակնհայտ «էլեգիականություն» էր պարունակում: Իսկ նման ելույթներ ունենում են նրանք, ովքեր վախենում են ասել՝ մնաք բարով, և ընդամենը ակնարկներով հասկացնում են իրենց հեռանալու մասին:
Ինչևէ, Տեր-Պետրոսյանի ելույթը նաև յուրատեսակ կոչ է բոլոր նրանց, ովքեր ունեն ընդդիմադիր կեցվածք և դիրքորոշումներ՝ մտածելու որակապես նոր ընդդիմություն ձևավորելու համար...
Իսկ նախագահը հեռացավ:
Այս անգամ՝ առմիշտ...
Լևոն Մութաֆյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/623829477721514?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել