Նարնջագույն պատերն ուշադրությունս գրավեցին: Սենյակը մեծ էր, լիքը ազատ տարածություն կար: Դռնով առանաձնանում էր հարմարավետ, փոքր ննջարանից: Հատակը գորգածածկ էր:
Ճամպրուկս շպրտեցի գետնին ու նստեցի մահճակալին: Վայրկյաններ անց նկատեցի սպիտակ, գնդաձև ջահը: Լրիվ նույնն էր, անգամ չափսերով: Երևանի իմ սենյակում էլ դրանից կա կախված: Երկարատև ճամփորդությունից հետո վերջապես տանն էի: Բառիս բուն իմաստով:
Լողարանում վաննա կար: Հելգան թղթե տոպրակ դրեց խոհանոցում, որն ինչպես հետո իմացա, առաջին անհրաժեշտության ուտելիք էր, որպեսզի առավոտյան սոված չմնամ:
Դեռ առավոտյան Սոֆյայից նամակ էի ստացել, որ այն բնակարանը, որն իմ համար նախատեսել էին, պարզվում է` զբաղված է: Դրա համար ուրիշն են ինձ տալու: Կատաղել էի: Բայց նարնջագույն պատերը տեսնելուց հետո ուրախացա, որ այդ մեկն է ինձ բաժին ընկել:
Պատշգամբ ունեմ, որից սիրուն տեսարան է բացվում, անգամ դիմացի լիճն է երևում: Այս շենքում բնակարան ուզում էի ունենալ հենց այդ պատճառով. կարևոր չէ, թե շենքն ինչքան տգեղ է: Կարևորը` ներսից ինչպիսին է ու ինչ եմ տեսնում պատուհանից:
Իսկ ես ապրում եմ վեցերորդ հարկում:
Սենյակից սենյակ եմ շրջում ու հաշվարկում, թե ինչեր պիտի գնեմ. լողարանի համար գորգիկ ու վարագույր, որ ջուր չլցվի, խոհանոցում` էլեկտրական թեյնիկ, աման լվանալու հեղուկ, սպունգ, ննջարանում` վերմակ, բարձ, կախիչներ, մեծ սենյակում` բազմոց, որ դատարկությունը լցվի:
Ճամպրուկներս դատարկում եմ: Արդեն կարող եմ ատամի խոզանակս ու պաստաս լողարանում թողնել, սրբիչս էնտեղ կախել: Կարող եմ լողարանից մերկ դուրս գալ, ննջարանում հագնվել: Կարող եմ ուտելուց անմիջապես հետո ափսեները չլվանալ: Վերջապես, կարող եմ գետնին նստել ու թեյ խմել:
Վերջացավ ճամբարային կյանքը Խրոնինգենում, երբ լողանալն իսկական ծիսակատարություն էր. հավաքում էի ինձ անհրաժեշտ իրերը, սրբիչն ու հագուստը, հագնում լողարանային չստերս, ու եթե բախտս բերեր, անմիջապես մտնում լողանալու, եթե չէ, ստիպված պիտի սպասեի, մինչև ազատվեր: Վերջացավ սենյակում անընդհատ պատշաճ հագուստով ման գալու պարտավորությունը, որովհետև էնտեղ մեկ ուրիշն էլ կար ու էդ մեկ ուրիշի ընկերները կարող էին ամեն վայրկյան գալ: Վերջացավ խոհանոցում հինգ օրը մեկ հերթապահելը. այսուհետ ամեն օր եմ մաքրելու, բայց միայն իմ կեղտոտածը:
Բայց...
Կարոտում եմ Խրոնինգենի պատուհանիցս երևացող գինեկոլոգի գրասենյակը, որտեղ տարբեր մեծության փորերով կանայք էին գնում ամուսինների հետ, երբեմն` մենակ կամ երեխաներով: Վերջացավ ուրիշների կյանքին հետևելս:
Կարոտում եմ լույսերով պատված պատշգամբը, որին սիրում էի նայել մութն ընկնելուն պես ու այնպես երազում այնտեղ լինելու մասին:
Կարոտում եմ ցուցափեղկերի մեծության պատուհանները, որոնցից մեկի հետևում մոդեմի վրա կատու կար նստած, իսկ քիչ այն կողմ` միջին տարիքի մի կին գրում էր: Կարոտում եմ ցուցափեղկերի հետևի ջերմությունը:
Կարոտում եմ աչքերիս մեջ լցվող մանր անձրևն ու մազերս խճճող քամին, որոնք համառորեն խանգարում էին հեծանիվ քշելը:
Կարոտում եմ մութ ժամանակ շենքերի լույսերի արտացոլանքը ջրի մեջ տեսնելը:
Կարոտում եմ մեր ուսանողական տան նեղլիկ աստիճանները, որոնցով իջնելու համար հատուկ զգուշություն էր պետք: Կարոտում եմ խոհանոցի պատուհանի հետևում նստած կատվին, որն անթարթ ներս էր նայում` հուսալով, որ դուռը կբացենք իր համար:
Շարունակությունն՝ այստեղ



