Ադրբեջանը կրկին ձեռնամուխ է եղել սրելու սահմանային լարվածության աստիճանը, ու հիմա, առավել քան երբևէ, հասկանալի է ալիևյան ռեժիմի հիմնական մոտիվը՝ դա անելու. մանաթն ավելի տխուր վիճակում է հիմա, քան դրամն էր դեկտեմբերին, ու որպես հետևանք՝ հասարակ ժողովրդի առանց այն էլ վատ վիճակը դառնում է անտանելի։
Ադրբեջանի պարագայում սա կրկնակի խնդրահարույց է, քանի որ եթե մեզ մոտ դեռ գոնե պատրանքային ֆոն են ապահովում ու մեղմող ներքին մեխանիզմներ են գործարկում՝ ժողովրդական դժգոհությունը կառավարելիության տիրույթում պահելու համար, ապա Ադրբեջանում բոլոր խնդիրների ու բարդությունների դեպքում ունեն միևնույն մեղավորը՝ մեզ։
Ու հիմա կատարվում է պարզապես այն, որ Ալիևը հերթական անգամ ուզում է շեղել ժողովրդական ցասման ալիքը և ուղղել այն հայերիս դեմ։ Ըստ այդմ, կարելի է ակնկալել, որ առաջիկայում սահմանային լարվածությունը միայն ավելի է աճելու, որովհետև ոչ մի նախանշան չկա, որ ադրբեջանական տնտեսությանը որևէ լավ հեռանկար սպասի մոտ ապագայում, իսկ հարցի լուծման այլ մեխանիզմ, բացի նկարագրածիցս, այնտեղ պարզապես չեն մոգոնել։ Այլ կերպ ասած՝ Ալիևը հիմա բարդ դիլեմայի առջև է կանգնած. շարունակել սադրանքները սահմանին, ինչը կարող է վերաճել լիարժեք պատերազմի (վիճակն առանց այն էլ գերլարված է)՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի ու կանխատեսելի բացասական հետևանքներով, կամ էլ չանել ոչինչ սահմանին ու հայտնվել Բաքվում Մայդան ունենալու իրական հեռանկարին։