Երեկ տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած մարտիմեկյան հանրահավաքը: ՀԱԿ-ի կողմից հանրահավաքի ժամանակ հնչեցրած մեսիջներն անցյալ տարիների մարտի 1-ի հանրահավաքներին հնչեցրածներից շատ քիչ էին տարբերվում, որն էլ սպասելի էր:
Երեկվա հանրահավաքը, հանուն արդարության պետք է նշենք, որ չենք կարող համեմատել նախորդ տարիներին անցկացվածների հետ:
Եթե մի փոքր հետադարձ հայացք նետենք, կհիշենք, որ անցյալ տարիների մարտի 1-ի ցույցերն ու երթերն ավելի մարդաշատ էին: Այս տարի, սակայն, ակնհայտ երևում էր, որ Ազատության հրապարակը խիստ սակավամարդ էր:
Սակայն ի՞նչ հետևություն կարելի է անել վերոնշյալից: Այս իրողությունն ամենևին չի փաստում այն, որ հասարակությունը մոռացել է այդ անդառնալի օրը, սա ամենևին չի խոսում հասարակության անտարբերության կամ մարտի 1-ի զոհերի հիշատակը չհարգելու մասին: Սակավամարդ հանրահավաքի արմատները բացառապես քաղաքական բնույթ են կրում:
Մասնավորապես՝ պետք է փաստենք, որ վերջին տարիներին ՀԱԿ-ի կողմից վարած քաղաքական կուրսը բավականին մեծ հարված հասցրեց իր երբեմնի հեղինակությանը:
Հետևաբար հանրահավաքի սակավամարդությունն արտացոլում է հասարակության գնահատականը` ՀԱԿ-ի անհասկանալի քաղաքական կուրսին:
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր այլևս սպառել է իրեն: Որքան էլ որ նա փորձում է հակառակը համոզել, ակնհայտ է, որ կոնգրեսականների նկատմամբ վստահություն այլևս չկա: