Առաջին  ժամադրություն. դետեկտիվ թփուտումCosmo.am-ը գրում է․

Ամեն անգամ առաջին ժամադրության գնալիս ուզում ես՝ սրճարանի անկյուններում նստած լինեն ընկերուհիներդ ու Ջեյմս Բոնդի նման հետևեն, քննեն ու զննեն քո ապագա արքայազնին, իսկ հաջորդ օրվա «գագաթնաժողովին» գրավոր ներկայացնեն նրա բնութագիրը: Մի րոպե, իսկ եթե նա նույնպես գա իր «զորքո՞վ». այ թե ներկայացում կսկսվի:  

Չնայած հայ տղաներից հեռու չէ: Նրանք կարող են լավ տպավորություն թողնելու համար հագնել ընկերոջ բաճկոնը, մեկ օրով վերցնել եղբոր նոր touchscreen հեռախոսն ու իրենց ասպետ երևակայելով` ներկայանալ ժամադրության: Բայց հրեշտակները միայն երկնքում են, ու քո մտքով էլ է շատ հաճախ անցնում, որ Լուսոյի այն պայուսակը շատ կսազեր քո նոր կոշիկի հետ: Մենք էլ ենք շատ հաճախ սխալներ անում ու ընկնում ծիծաղելի իրավիճակների մեջ: Չվախենաս, Cosmo-ն քո կողքին է` ինչպես միշտ պատրաստ օգնելու և հուշելու` ինչ անել և հատկապես ինչ ՉԱՆԵԼ:

Ինչ խորհուրդ չեն տալիս անել տղաներն առաջին հանդիպմանը

«Էն թուփն ինչի՞ ա շարժվում»

Հատկապես ինտերնետով ծանոթանալու դեպքում լինում են նման փայլատակումներ՝ «գնամ, հեռու կանգնեմ, եթե չհավանեմ, չեմ մոտենա»: Զգուշացի՛ր, տղաներն էլ պակաս հնարամիտ չեն: Այնպես չստացվի, որ երկուսդ էլ մի ժամ թփերի միջից միմյանց փնտրեք անցորդների մեջ: Կա ավելի վատ տարբերակ. դու չես ուզում, չէ՞, պատահաբար նրան հանդիպել նույն թփերի մեջ խարխափելիս: 
Պետք չէ թաքնվել: Դու գրավիչ ու հետաքրքիր ես, վստահ քայլիր դեպի հանդիպման վայրը. նա վազելով դուրս կգա թաքստոցից:

Առանց հեծելազորի

Պարզվում է՝ հայ աղջիկները հաճախ են առաջին հանդիպմանը գնում ընկերուհու կամ քրոջ հետ: Դա, իհարկե, արդեն ժամադրություն չէ։ Նման դեպքերում լավ կլինի տղային զգուշացնես, այլապես կարող է անհարմար վիճակ ստեղծվել: Պարզապես պատկերացրու՝ գնում ես հանդիպման՝ ռոմանտիկ մտքերով տարված, ու հրապարակի ժամացույցի տակ կանգնած է Մեծն Արքայազնը՝ իր ընկերոջ հետ... No Comment...

«Կներես, հեռախոսիս ժամացույցն էր հետ ընկել»

Աշխատիր չուշանալ առաջին հանդիպմանը: Իհարկե, կարող ես 5-15 րոպե ուշ գալ ու ստիպել նրան ավելի սրտատրոփ սպասել քեզ, բայց չուշանաս 46 րոպե: Նա կարող է ուղղակի թողնել-հեռանալ։ Այդ դեպքում դիմացի այգու թփերում էլ չես գտնի նրան:

Պետք չէ «շինարարություն» սկսել սեփական դեմքի վրա

Եթե դու առաջին հանդիպմանը գնաս շատ վառ make-up-ով, ապա նա կմտածի, որ շատ ես ուզում իրեն դուր գալ: Ցանկալի է թեթև ու աննկատ շպար անել: Պետք չէ, որ նա հենց առաջին հանդիպմանը հասկանա, որ ջանք չես խնայել պատրաստվելիս: Կարող ես շեշտը դնել միայն աչքերի կամ միայն շուրթերի վրա. ամբողջովին վառ make-up-ն այնքան էլ նպատակահարմար չէ. սա քո ավարտական երեկոն չէ: Թող նա զգա, որ սա ընդամենը հանդիպում է քեզ համար, այլ ոչ թե տոն:

Ձուկը լավ կենդանի է, բայց...

Ասում են՝ կինը խորհրդավոր է թվում, երբ քիչ է խոսում: Բայց ամեն ինչ չափի մեջ. պետք չէ լռել ու սպասել, երբ նա կսկսի խոսել: Վտանգ կա խորհրդավորի փոխարեն անհետաքրքիր ու շատ ներամփոփ մարդու տպավորություն թողնել: Ակտիվ զրուցիր նրա հետ, մի՛ թող, որ իրեն անհարմար զգա քեզ հետ: Դժվար թե նա երկրորդ անգամ ցանկանա հանդիպել մի աղջկա հետ, որի հետ խոսելու համար աքցան է հարկավոր:

1-03. ահազանգ

Հետաքրքիր է՝ ի՞նչ պատրվակ էին փնտրում մեր ծնողներն առաջին ժամադրության կեսից փախչելու համար: «Սամ (Լուս), ուղիղ 7-ն անց կես կզանգես։ Հենց ասեմ. «Չէ, չունեմ էդ դիսկը», ուրեմն չեմ հավանել, ու մի բան կասես, որ ես էլ ասեմ. «Վա՜յ, լո՞ւրջ, հեսա վազելով գալիս եմ» ու թռնեմ»: Ինչևէ, եթե հանկարծ ընկերդ մոռանա զանգել, ու սկսես ձևացնել, թե հեռախոսով ես խոսում, համոզված եղիր, որ զանգի ձայնն անջատել ես:

Ուրեմն առանց «թփային» դետեկտիվների, բնական ու ամենակարևորը՝ վստահ, ուղղվիր դեպի հանդիպման վայր ու տրամադրվիր լավատեսորեն. գուցե ամեն ինչ շատ լավ լինի, ու ինքդ անջատես հեռախոսդ՝ չթողնելով, որ ընկերներդ քեզ «փրկեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել