2012թ.-ի իշխանափոխությունից հետո Վրաստանի քաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնած վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման գործընթացն անցած երկուս ու կես տարիների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրել:
Մեկնարկային առաջին իսկ փուլից բավականին լուրջ քայլեր արվեցին կարճ ժամանակահատվածում նկատելի արդյունքի հասնելու ուղղությամբ: Երկու երկրների ներկայացուցիչների՝ Կարասինի և Աբաշիձեի հանդիպումների արդյունքում վերականգնվեցին առևտրատնտեսական կապերը, հիմք դրվեց մշակութային և հումանիտար, սպորտի և կրոնի ոլորտներում համագործակցությունը հաստատելու և զարգացնելու գործընթացին:
Հատկապես զգալի հաջողություններ արձանագրվեցին առևտրաշրջանառության բնագավառում: Մասնավորապես՝ թույլատրվեց վրացական գինիների, հանքային ջրերի, գյուղատնտեսական մի շարք ապրանատեսակների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, ինչը զգալիորեն նպաստեց տվյալ ոլորտում Վրաստանի արտահանման ծավալների մեծացմանը:
Դրան զուգահեռ շարունակվեցին Կարասին-Աբաշիձե հանդիպումները, ինչը թույլ տվեց համագործակցության նոր ուղիներ փնտրել և այլ ոլորտներում առկա երկկողմ շահագրգռվածությանն առնչվող հարցեր քննարկել:
Սակայն Ուկրաինայի շուրջ զարգացած իրադարձությունները, ապա նաև ուկրաինական ճգնաժամը բացասական հետևանքներ ունեցան վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման՝ սահուն զարգացող գործընթացի վրա: Որոշակի խնդիրներ և խոչընդոտներ ի հայտ եկան արդեն իսկ նախկինում կարգավորված հարցերի շուրջ: Թվում էր, թե վերոնշյալ անցանկալի զարգացումները փակուղի կմղեին և զգալի վնաս կհասցնեին Վրաստան-Ռուսաստան՝ որոշակիորեն բարելավված հարաբերություններին:
Սակայն Կարասին-Աբաշիձե վերջին հանդիպումը, որը կայացավ փետրվարի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, նոր երանգներ հաղորդեց ընդհանուր գործընթացին. կողմերը կրկին փաստեցին, որ պատրաստակամ են շարունակելու համագործակցությունն առկա ոլորտներում՝ դրանք զարգացնելու և խորացնելու ակնկալիքով:
ՌԴ փոխարտգործնախարար Կարասինն իր խոսքում ակնարկել է, որ առկա գործընթացը խափանելու վրացի ընդդիմադիրների ջանքերին հակառակ՝ կողմերը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերում և առաջընթաց գրանցում:
Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը, ռուս պաշտոնյան նշել է, որ հարցի առնչությամբ առկա է երկկողմ պատրաստակամություն՝ պարզաբանելով, սակայն, որ նման հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել, որպեսզի առավել առարկայական և գործնական արդյունք արձանագրվի:
Հ.Գ.2014 Ամփոփիչ տվյալներով Ռուսաստանը դարձավ մեծությամբ Վրաստանի առևտրային երրորդ գործընկերը, ինչն արդեն իսկ խոսուն հանգամանք է: