Օրերս հայ ժողովրդի հերոս Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված մի գիտաժողովի ժամանակ ելույթիս ժամանակ խոսեցի Ցեղասպանությունը վերապրողների կողմից 60-ականներին Անդրանիկի արձանների տեղադրման ժողովրդական փորձերի և դրանց դժվարությունների մասին: Ասացի նաև, որ հազիվ թե կարելի է կասկածել, որ Հայաստանում մնալու և մինչև երեսնականներն ապրելու դեպքում Անդրանիկին ժողովրդի թշնամի կհայտարարեին և կգնդակահարեին (վկա՝ Նազարբեկյանի, Սիլիկովի և այլոց գնդակահարությունները): Բոլոր այն հայդուկ-հերոսները, ովքեր Ցեղասպանության ժամանակ այս կամ այն կերպ նպաստել էին արևմտահայերի ինքնապաշտպանությանը, Թուրքիայում հայտարարվել են բանդիտներ (ղաչաղներ), իսկ կենդանի մնացածներից ԽՍՀՄ-ում, մասնավորապես Հայաստանում ապրողները մեկ առ մեկ հետապնդվել և ոչնչացվել են: Նրանց մասին ոչ միայն գրելը, տանից դուրս խոսելն անգամ արգելված էր: Ինձ մեղադրեցին Խորհրդային շրջանը անվանարկելու և պատմությունը կեղծելու փորձի մեջ: Չնայած այսօր դեռևս ապրում են Ուջան, Ոսկեհասկ, Վերին Սասնաշեն, Աշնակ և այլ գյուղերում Անդրանիկի արձանը գաղտնի քանդակողները, տեղադրողները, պաշտպանողները, Աշնակում տեղադրվելուց տասներկու օր հետո այն ջարդողները, այսինքն՝ իրական պատմության մասնակիցները և այդ հիշողության կրողները, ակադեմիական պատմագրությունը դեռևս այդ գիտելիքի կրողը չի: Փոխարենը պատմվեց, թե ինչպես են ԿԿ անդամներն իրականացրել Անդրանիկի կիսանդրու բացման արարողությունը Ուջանում: Գիտաժողովին մասնակիցներից մեկը, սակայն, խոսելու թույլտվություն խնդրեց և հայտարարեց, որ իր պապին իր երեք եղբայրների հետ միասին երեսնականներին գնդակահարել են միայն ու միայն Անդրանիկի զինվորը եղած լինելու պատճառով: Այդպիսիք քիչ չեն: Այսօր, Անդրանիկի ծննդյան 150-ամյակին, խոսել միայն հերոսի կերպարի և գործունեության մասին ու շարունակել լռել այդ ամենը թաքցրած, ավելին՝ հերոսներին ու նրանց սատարած մարդկանց ոչնչացնող ռեժիմի մասին, նշանակում է շարունակել վիրավորել այդ մարդկանց ու նրանց հիշատակը: Ասելիքիս հիմնական պատճառներից մեկն է հիշեցնել, որ մեր երեկվա իրական պատմության կենդանի հիշողության կրողներն ամեն օր պակասում են, իսկ այդ պատմության հանրային իմացությունը կձևավորվի ակադեմիական թույլատրված պատմագրությամբ: Ամեն ինչ պետք է անել՝ պատմության օբյեկտների, նաև՝ սուբյեկտների հիշողությունը պատմագրության կարևոր աղբյուր դարձնելու համար: Ինչպես Ցեղասպանության զոհերի հիշողություններն են բացահայտում պատմության այդ սարսափելի էջը, այնպես էլ՝ ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի անձնական և ընտանեկան հիշողությունները: Մեր խորհրդային պատմությունը միայն հնգամյակները չեն: Մեր խորհրդային պատմության ամոթալի էջերը նույնպես մեր պատմության մասերն են, իսկ դրանք շրջանցելը՝ մեր պատմագրության ամոթը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/456592631159685?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել