Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի շուրջ ծավալված բուռն ալիքը անտարբեր չի թողել նաև մեր ճանաչված երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին:

Գոռը, Վաչեն, Ալեքսանդրը և Էրիկը lurer.com-ի հետ զրույցում կիսվեցին իրենց կարծիքներով կայանալիք խաղի մասին:

Գոռ Սուջյան (երգիչ). Պարզվեց, որ Գոռը այնքան էլ չի հետաքրքրվում ֆուտբոլով, այդուհանդերձ երգիչը նշեց, որ նախատեսել էր գնալ. «Պետք է գնայի Հայաստան-Իտալիա խաղին, սակայն փոխվեցին ծրագրերս, ստիպված կլինեմ խաղին հետևել հեռուստացույցով: Ու թեև կանխատեսումներ անել չեմ սիրում, քանի որ, ըստ իս, այդ դեպքում խաղը կորցնում է իր հետաքրքրությունը, սակայն կցանկանայի, իհարկե, որ Հայաստանը հաղթի»:

Ֆուտբոլասեր չլինելու պատճառով Գոռը հազվադեպ է հետևում ֆուտբոլային խաղերին, և միայն մեր հավաքականի խաղերին է փորձում հետևել։ Այդ պատճառով, ինչպես երգիչը խոստովանեց, մեր ֆուտբոլիստներին, ցավոք, անուններով չի տարբերում, ուստի չի կարող առանձնացնել, թե ում խաղն է հատկապես հավանում:

Վաչե («Վիտամին ակումբ»). «Անպայմա՜ն, անպայման գնալու եմ»,- lurer.com-ի հարցին ոգևորված պատասխանեց Վաչեն:

Ինչ վերաբերում է խաղի արդյունքին, հումորիստը նշեց, որ թեև իր ցանկություններն այս պարագայում իշխում են կանխատեսումներին, սակայն շատ է ուզում, որ 3:1 ավարտվի Հայաստան-Իտալիս խաղի հաշիվը՝ հօգուտ, իհարկե, մեր թիմի: «Մեղք են էլի, թող մի գնդակ էլ իտալացիները խփեն»,- ծիծաղելով ավելացրեց նա:

Վաչեն մեր հավաքականի խաղացողներից շատ հավանում է Հենրիկ Մխիթարյանի խաղը:

Էրիկ (երգիչ). Նա խոստովանեց, որ թեև գործերի պատճառով, ցավոք, ուշանալու է խաղից, բայց անպայման գոնե երկրորդ խաղակեսին կհասցնի հետևել հենց խաղադաշտից:

Էրիկը հույս ունի, որ խաղը ոչ ոքի կավարտվի. «Քանի որ այս անգամ հակառակորդը հզոր է, կցանկանամ, որ գոնե ոչ ոքի ավարտվի, քանի որ այս դեպքում դա ևս մեծ հաղթանակ կլինի մեր թիմի համար»:

Երգիչը նաև հավելեց, որ մեր թիմում ունի նախընտրելի խաղացողներ, ինչպես օրինակ՝ Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը.
«Վերջերս իր խաղով աչքի է ընկնում նաև Արթուր Սարկիսովը: Սովորաբար նա պահեստայինների շարքում է լինում, կցանկանայի, որ մտնի հիմնական կազմ։ Նա կարող է հանդես գալ ոչ միայն որպես հարձակվող, այլև կարող է լավ կիսապաշտպան լինել»: 

Ալեքսանդր Բաբասյան (դերասան). 1996 թվականից Հայաստանի հավաքականի ոչ մի խաղ բաց չի թողել, անգամ ծառայության ընթացքում.

«Նույնիսկ հայոց բանակում ծառայելիս միշտ ներկա եմ եղել մեր թիմի խաղերին: Հուսով եմ՝ սա պաշտպանության նախարարը չի իմանա»,- ծիծաղելով ասաց Ալեքսանդրը:

Իսկ հատկապես Հայաստան-Իտալիա խաղը դերասանը բաց թողնել չի կարող: Ինչպես պարզվեց, Ալեքսանդրը դժվար ընտրության առաջ է կանգնել. Իտալիայի հավաքականը նրա ամենասիրելի ֆուտբոլային թիմն է. «Բոլորը գիտեն, որ շատ եմ սիրում Իտալիայի հավաքականը, բայց, իհարկե, միայն մեր հավաքականից հետո»: Դերասանը չի թերագնահատում Հայաստանի հավաքականի ուժերը, սակայն, ունենալով 14 տարվա ֆուտբոլ խաղալու փորձառություն, կարծում է, որ հաշիվը ոչ ոքի կավարտվի, գուցե՝ 1:1: Իսկ սիրելի հայկական թիմի խաղացողներից առանձնացրեց երկուսին. «Սիրում եմ դիտել Յուրա Մովսիսյանի խաղը, քանի որ ֆիզիկական կառուցվածքով և խաղում պայքարելու ձևով ես և Յուրան շատ նմանություններ ուենք: Չեմ կարող չառանձնացնել նաև Հենոյին, բոլորն էլ լավ են խաղում, բայց նրա խաղը ամենաքիչը մի մակարդակով բարձր է բոլորի խաղից»:

Հարցազրույցը Ռուբինա Հակոբյանի

Lurer.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել