Վերջին շաբաթներին որոշ լարվածություն է ստեղծվել հանրապետությունում: Ամեն ինչ սկսվեց Ս. Սարգսյանի՝ իմ կարծիքով արդարացի քննադատությունից` Գ. Ծառուկյանի հասցեին: Սկզբից «Կենտրոն» հեռուստակայանը Գ. Ծառուկյանի անունից հնչեցրեց ոչ թե պաշտպանական, այլ բավականաչափ խիստ հարձակողական մարտահրավեր, որը, որոշ աղբյուրների հաղորդմամբ, չէր համապատասխանում Ծառուկյանի բերանից հնչած հայտարարությանը: Թվում էր, թե կատաղի մենամարտ է տեղի ունենալու երկու կողմերի միջև, որը կարող էր միայն ու միայն վնաս հասցնել մեր հանրապետության վարկանիշին: Բարեբախտաբար, Ծառուկյանը ողջամիտ գտնվեց և հրաժարվեց անօգուտ պայքարի մեջ մտնել իշխանության դեմ: Դրանից հետո թվում էր, թե ամեն ինչ հստակեցվեց, և կյանքը սովորական հունի մեջ կմտնի, և հանրապետությունը կզբաղվի առաջիկա ծանր խնդիրների լուծմամբ: Սակայն ոչ, կողմերի միջև օրեցօր աճող լարվածությունը վերածվել է անձնական վիրավորանքների, որը լավ բան չի խոստանում: Ազգային ժողովում գրաված իր դիրքով ԲՀԿ-ն ապացուցեց այն ենթադրությունը, որ այդ կուսակցությունը, հիրավի, ստեղծված էր միայն օլիգարխին ծառայելու համար, հեռացավ օլիգարխը` չկա կուսակցությունը: Եվ դա զարմանալի չէ, որովհետև օլիգարխի միջոցներով և նեղ շահադիտական նպատակներով ստեղծված կուսակցությունը երբեք չի կարող հետևողականորեն պաշտպանել ժողովրդի շահերը: Իզուր չէ, որ ամերիկյան նշանավոր գրող Ուոլտ Ուիտմենը մագնատներին, օլիգարխներին անվանում է «կատաղած վարազներ, որոնք վիթխարի միջոցներ են ծախսում ցուցադրական ճոխության, անիմաստ շրջագայությունների ու լկտի խրախճանքների վրա՝ կաշառելով քաղաքական գործիչներին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ապրում են ծանր աղքատության մեջ»: Նայեք լույսերի մեջ ողողված, վիթխարի ու աստղափալ «Փարավոնին», նրան հարող կազինոյին և նրանից ընդամենը 200-300 մետր հեռավորության վրա վագոնի մեջ ծվարած ընտանիքին:
Թվում էր, թե մեր քաղաքական գործիչներն էլ դա հասկացել են: Սակայն երբ հեռուստատեսությամբ դիտում էի Ազգային Ժողովի նիստերը, համոզվեցի, որ նրանց համար ժողովրդի շահերն առաջնային չեն, թեև բոլորը խոսում են ժողովրդի անունից, նրանց պայքարը գնում է միայն ու միայն իշխանական աթոռներ գրավելու համար: Իսկ իշխանամոլությունը, որը հաճախ մղում է նաև քաղաքական արկածախնդրության, երբեք ոչ մի երկրի, ոչ մի ժողովրդի օգուտ չի բերել, բացի վնասից:
Երբ լսում եմ այս քաղաքական ցածրամակարդակ լեզվակռիվները (թե լեզվավարժությունները), հիշում եմ մեր մեծ բանաստեղծ և ազգային գործիչ Վահան Տերյանի դիտարկումը. «Թափվեց խոսքերի տարափը, ուր մտքերը համեմատաբար անհետացել էին ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում՝ երևի վախենալով հանկարծակի լուսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրագոչ բացականչություներ լսելու: ...Երևի դուք լսել եք գավառական երդվյալ հռետորներին»: Հանճարեղ նախագուշակություն մեր ժամանակի քաղաքական ժխորի մասին:
Ուզում են բարձրաձայն գոռալ մեր քաղաքական գործիչներին.
«Անկախ իշխանությունների լավ ու վատ լինելուց՝ բավական է կեղտաջուր լցնեք հանրապետության վրա: Մի՞թե դուք այնքան եք բթացել ձեր իշխանամոլական ձգտումների մեջ, որ չեք հասկանում` հանրապետությունը վարկաբեկելով՝ դուք իշխանության չեք հասնի: Քննադատեք այս իշխանություններին, որովհետև նրանք քննադատվելու շատ տեղ ունեն, բայց դա մի հասցրեք մեր ժողովրդին դավաճանելու մակարդակին: Դուք ցանկանում եք չարաշահել մեր ժողովրդի մի մասի միամտությունը: Հասկանալի է, որ կյանքի պայմաններից դժգոհ ժողովուրդը հաճախ խճճվում է քաղաքական այս խառնիճաղանջ ժխորի ու ալեկոծությունների մեջ և երբեմն, ինչպես ասում են, ձեռքը գցում է փրփուրներին: Ժողովրդի մեծամասնությունը ոտքի կկանգնի իշխանափոխության համար, եթե ասպարեզում հայտնվի բոլորի կողմից ճանաչված, ավելի հեղինակավոր մի անձնավորություն, որն ավելի լավ կլինի քան, ներկա ղեկավարները: Ներկայում ո՞վ կարող է այդպիսին լինել. Լևոն Տ.Պ.Ն՞, Ռ. Քոչարյա՞նը, Լևոն Զուրաբյա՞նը, Նիկոլ Փաշինյա՞նը, Նաիրա Զոհրաբյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Զարուհի Փոստանջյանն ու Պարույր Հայրիկյանը… Ախր մի լավ մտածեք, հետո պահանջեք իշխանափոխություն: Իսկ առանց այդպիսի թեկնածուի՝ վերացական պայքարն իշխանափոխության համար դատարկ կրակոցներ են ու անիմաստ, ներկա պայմաններում նույնիսկ վնասակար քաղաքական խմորումներ:
Մի մոռացեք, որ, ինչպես ժամանակին ասել է հին աշխարհի մեծագույն իմաստուն Պլատոնը. «Լինում են պահեր, ցավոք, երբ մարդկային ամբոխը դառնում է հասարակության ավանգարդը, և բավական է, որ այդ հորձանքի ժամանակ հայտնվի մի արկածախնդիր, շահամոլ, իշխանատենչ, և արդյունքը ողբերգական է լինում»: Ձեր իշխանամոլությունը մի՛ հասցրեք ողբերգության, մեր ժողովուրդը կշտացել է ողբերգություններից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.movsisyan/posts/10203224502843481?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել