Վերջին օրերին նկատվող վրացական լարիի անընդհատական արժեզրկումն արդեն իր բացասական հետքն է թողում երկրի տնտեսության, այդ ոլորտին առնչվող տարբեր բլոկների, և ընդհանրապես, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անձնական և ընտանեկան բյուջեի վրա:
Գների կտրուկ բարձրացումն ու հասարակության շրջանում սկիզբ առած խուճապային տրամադրությունները զսպելու համար Վրաստանի կառավարությունը մի շարք հնաքների է դիմել: Մասնավորապես՝ Գործադիրը որոշել է 12%-ով կրճատել ադմինիստրատիվ ծախսերը և ակտիվացնել սեփականաշնորհման գործընթացը, ինչի արդյունքում հնարավոր կլինի լրացուցիչ ֆինանսական մուտքերով հագեցնել պետական բյուջեն:
«Ստեղծված իրավիճակում, երբ մեր քաղաքացիները զգալի ֆինանսական կորուստներ են ունենում ազգային արժույթի արժեզրկման հետևանքով, Կառավարությունը պարտավոր է գնալ իր իսկ ադմիստրատիվ ծախսերի նվազեցման ճանապարհով, դա նվազագույնն է, որ պետք է արվի»,-հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ «անհրաժեշտ է գոտիները ձգել և կրճատել հատկապես լրացուցիչ ծախսերը»:
Խորհրդարանական «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն անարդյունավետ են գնահատել կառավարության քայլերը՝ «կարևորելով տարվող աշխատանքների թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը, որպեսզի իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը տեսանելի լինեն, ինչը թույլ կտա նաև մյուս քաղաքական ուժերին և, ընդհանրապես, հասարակությանը, օբյեկտիվ գնահատական տալու համապատասխան պետական մարմինների կողմից իրականացվող այն միջոցառումներին, որոնք ուղղված են ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուն»:
Միևնույն ժամանակ, ընդդիմադիրները հիշեցրել են, որ «Կառավարությունը լիազորությունները ստանձնելուց հետո փորձում է երկիրը դուրս բերել իրավիճակից, սակայն, երկու տարուց ավելի է ՝ սայլը տեղից չի շարժվում»: