Հասկանալու համար, թե առաջիկայում ինչպիսին է լինելու հայաստանյան ներքաղաքական դաշտը, հարկավոր է քննության առնել հիմնական դերակատարների շահերն ու հիմնական քաղաքական նպատակները: Այսպիսով` առավել կարևոր դրվագն այս պահին, հասկանալի է, որ ընդդիմության մի կարևոր հատվածի` եռյակի, եթե այդպիսին դեռ պահպանվել է, ճակատագիրն է: Թեև, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել այդ կառույցի լուծարման մասին, այն գոնե ֆորմալ առումով գոյություն ունի: Սա կարևոր հանգամանք է:

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի, բայց այդ հայտարարությունը պայմանավորված էր հասարակության` տվյալ պահին վերահսկողությունից դուրս մնացած ընդդիմադիր հատվածին իր կողմը գրավելու ակնկալիքով, ու եթե առաջիկայում եռյակի մյուս անդամները վերսկսեն իրենց գործողությունները, Ր. Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, կմիանա նրանց:

Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականությունը լքելուց հետո ԲՀԿ-ն հայտնվել է անորոշ վիճակում: Փաստացի, կուսակցության գործարար թևի պատգամավորները լքում են ԲՀԿ-ն, ինչը նշանակում է, որ նրանց ազդեցությունը ԲՀԿ-ի որոշումների կայացման գործընթացի վրա կնվազի: Քաղաքական թևի ներկայացուցիչներն այլ ելք չեն ունենա, քան մոբիլիզացնել մնացած ուժերը և պահպանել կուսակցությունը: Այս տարբերակը ձեռնտու է նաև իշխանություններին, քանի որ ընդիմադիր տրամադրված հասարակության դաշտը լրացնելու անհրաժեշտություն է առաջանում: Այլապես, առաջացած վակուումային իրավիճակից կարող են օգտվել տարբեր ռադիկալ ուժեր, ինչն էլ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ոչ միայն իշխանությունների, այլև պետության համար:

Իսկ ԲՀԿ-ի այժմյան քաղաքական թևին ընդդիմադիր դաշտում գործելը հարկավոր կլինի իր ընտրազանգվածի գոնե մի մասը հետ բերելու համար: Իշխանությունների հետ համագործակցելու պարագայում ողջ ընդդիմադիր հասարակությունը կհիասթափվի ԲՀԿ-ից, իսկ իշխանամետ զանգվածն արդեն ԲՀԿ-ի հետ չէ, քանի որ ԲՀԿ-ն իշխանական դաշտից արդեն շուտվանից է տեղափոխվել ոչ իշխանական դաշտ:

ՀԱԿ-ի ռազմավարության մեջ փոփոխությունը քիչ հավանական է: Հատկապես ԲՀԿ-ի հետ հարաբերությունները, կարծում եմ, շարունակվելու ներուժ ունեն, քանի որ այս պարագայում երկու կուսակցություններին էլ առավել քան երբևէ միմյանց օժանդակությունը հարկավոր է: Հնարավոր է, որ շահերի այդ համընկնումը հիմք հանդիսանա նաև եռյակի հետագա գործունեության համար: Բայց պետք է նկատի ունենալ, որ առանց Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորման ու ԲՀԿ-ի գործարար շերտի պատգամավորների՝ այս «Նոր եռյակի» հնարավորությունները խիստ սահմանափակ կլինեն:

Եռյակի վերականգնումը ընդդիմադիր քաղաքական ուժերին կբաժանի երկու մասի` մի կողմից կլինի եռյակը` որպես առաջատար ընդդիմադիր ուժ, մյուս կողմից կլինեն մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում առաջնայնություն ստանալու համար կսկսեն քննադատել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» գործունեությունը: Թե ՀՅԴ-ն, թե ՕԵԿ-ը, թե «Հիմնադիր խորհրդարանը» կհայտնվեն ընդդիմության ընդդիմության դերում: Կառաջանա իրավիճակ, որը ձեռնտու է իշխանություններին:

Բայց, ի տարբերություն եռյակի առաջվա ռադիկալ դիրքորոշման, «Նոր եռյակը» կսահմանափակվի չափավոր ընդդիմադիր կեցվածքով ու առավել քան ակնհայտ կլինի նրա` հերթական ընտրությունների պատրաստվելու գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել