Այսօր` փետրվարի 24-ին, Ազգային Ժողովում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ելույթ է ունեցել: Ինչքան էլ որ զարմանալի է, Բիշարյանը խոսել է ֆեոդալիզմից.
«Մենք խոսում ենք ֆեոդալների մասին: Կառավարությունում մարդիկ կան, ովքեր դասական ֆեոդալի օրինակներ են` իրենց հողատարածքներով և այլն: Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է սկսենք ինքներս մեզանից: Նորից բերել են ՓՄՁ-ների մասին նախագիծ` այդ ՓՄՁ-ներին նոր խնդիրների առաջ կանգնեցնելով, ի՞նչ ենք ուզում սրանով ասել»:
Մի ժողովրդական խոսք մեջբերեմ, որը համահունչ է մերօրյա շատ ու շատ քաղաքական ուժերին. պատից կախված փայտն էլ է օրերից մի օր կրակում:
Հանգած կուսակցության ներկայացուցիչ հանդիսանալն ինքնին քաղաքական դեպրեսիայի լուրջ հիմքեր է իր մեջ պարունակում, սակայն հետաքրքիր է, որ մեր օրերում այնպիսի մարդիկ են խոսում ինչ-որ արժեքների և երևույթների մասին, ովքեր երկար տարիներ հանդիսացել են այդ երևույթների անմիջական կրողները, իրենց ֆեոդալ, հաճախ նաև բուրժուա-դեմոկրատ քաղաքական կնքահայրերի հետ միասին:
Ինչ խոսք, չկա մի անհատ քաղաքական դաշտում, ով ՕԵԿ պատգամավոր Բիշարյանից լավ կիմանա ընհանուր ֆեոդալիզմի սահմանումը, քանի որ երկար տարիներ ինքը հանդիսանում է դասական ֆեոդալի կուսակցության անդամ: