ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խմբակցությունն ու այսուհետև հանդես է գալու որպես անկուսակցական պատգամավոր:
Դ. Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունը լքած արդեն 6-րդ պատգամավորն է:
Ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ խմբակցության շարքերը շարունակվում են նոսրանալ, ովքե՞ր են մեղավոր:

Վերջին օրերին լրատամիջոցներն ու քաղաքական գործիչներն այս ամենի պատճառ են ներկայացնում «պետական մեքենան գործի դնելը», սակայն սա մեծ առումով հիմնական պատճառը չէ:

Խորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված են ԱԺ-ում գործող բոլոր խմբակցությունները, պատգամավորները՝ իրենց կենսագրական տվյալներով: ԲՀԿ խմբակցության կազմի նույնիսկ ոչ խորն ուսումնասիրությունն ի ցույց է դնում բոլոր այն պատճառները, ինչի հետևանքով ԲՀԿ-ի երբեմնի «կուռ կոլեկտիվը» հետևողականորեն նվազում է:

Խմբակցության կազմում ներկայացված են միջին ու խոշոր գործարարներ, մարդիկ, որոնց դեպքում դժվար է սպասել ռադիկալ գործողություններ: 
Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են այդ մարդիկ հայտնվել ԲՀԿ-ում: Ի սկզբանե, ԲՀԿ-ն  չէր հայտարարել, որ որպես ընդդիմադիր ուժ է գործելու, առավել ևս, ոչինչ չէր ասել արմատական ՀԱԿ-ի հետ դաշինք կնքելու և այդ դիրքերից հանդես գալու մասին:

Այս տեսանկյունից, վերջին շրջանում, ԲՀԿ խմբակցության մի մասը, որոնց համար ընկալելի չէր ոչ կուսակցության, ոչ էլ կուսակցության լիդերի գործունեությունը, հայտնվել էր անհարմար վիճակում:

Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի հնչեցրած ելույթն առիթ էր վերոնշյալ պատգամավորների համար, լքել այն նավը, որի տրամաբանության մեջ իրենց ներկայությունը որևէ ձևով արդարացված չէր:
Ստեղծված պարագայում պետք է մեղադրել ոչ թե, այսպես ասած, նավը լքողներին, այլ այն մարդկանց (մարդուն), ովքեր ազնիվ չէին գտնվել իրենց գործընկերների նկատմամբ ու միայն գործընթացի վերջնափուլում են հայտնել, որ ուղղություն են վերցրել դեպի արմատական ընդդիմություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել