Բլոգեր Արա Նախշքարյանի կարծիքով, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել մի քանի դրդապատճառներով: Առաջինն այն է, որ հայերը քրիստոնյաներ էին և խանգարում էին ի սկզբանե արդեն հիմք դրված պանթուրքիստական պետությունների ձևավորմանը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը գերտերությունների կողմից չդատապարտվեց և այն, ինչ չի դատապարտվում, անընդհատ կրկնվում է:
Ինչ մնում է տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա ըստ բլոգերի, յուրաքանչյուրը դա անում է իր շահերից ելնելով:
«Երևի իմ վրա մեծ մեղք կվերցնեմ, բայց, հայերը, կարծես, սկսել են տեղի ունեցածից ցավ չապրել: Արդեն քանի տարի է՝ այցելում եմ Ծիծեռնակաբերդ, մեզ մոտ՝ Հերհերի ձոր, սակայն երիտասարդների հայացքի մեջ ես պահանջատիրության զգացում չեմ տեսնում: Փոխարենը, տեսնում եմ, ծամոնախառը, արևածաղիկախառը բերաններով, ցինիկ ժպիտը դեմքերին երիտասարդների (իհարկե, ասածս ոչ բոլորին է վերաբերում, խնդրում եմ, նրանք ովքեր այդպիսին չեն, հասկանան, որ ասածս իրենց չի վերաբերում) գնում են դեպի հուշահամալիր, պարզապես ձևական կողմը պահելու համար, դրանից հետո անմիջապես վերադառնում են տուն և ապրում իրենց առօրյա հոգսերով»,-նշեց զրուցակիցս:
Ըստ Ա. Նախշքարյանի, մենք նաև պետք է հասկանանք, թե ինչ ենք պահանջում Թուրքիայից. «Ենթադրենք, մի օր Թուրքիան մեզ ափսեի վրա մատուցեց Հայաստանի ամբողջ տարածքը: Մենք ի՞նչ ենք անելու: Այսօր չկարողացանք մի փոքրիկ պետություն ոտքի հանել և մարդկային ռեսուրսով լցնել, մարդկանց տուն տալ: Ենթադրենք, Թուրքիան տալիս է ամբողջ Արևմտյան Հայաստանը, որտեղ մեծամասամբ քրդեր են ապրում, ոնց որ մենք պետք է լինենք այդ պետության քաղաքացի, այնպես էլ քրդերը, չէ՞: Հիմա ազգային մեծամասնություն կհամարվեն, թե ոչ, դա կարևոր չէ: Իրենք էլ մնացած բոլոր քաղաքացիների նման պետք է մասնակցեն պետականության կայացմանը, ընտրություններին և այլն: Ասենք՝ իրենք ձայն տան նախագահի քուրդ թեկնածուի: Մենք ի՞նչ ենք անելու: Ցավով եմ ասում, բայց այսօր մենք պատրաստ չենք դրան գնալու: Մենք մեր հողերը, ճիշտ է, պահանջում ենք՝ ետ տվեք մեր փողերը, ետ տվեք մեր հողերը, վանքերը, եկեղեցիները, կալվածքները, բայց, լավ, ասենք ետ տվեցին, մենք կկարողանա՞նք սրա տակից դուրս գալ: Այս հարցը լուրջ հարց է: Մենք ուղղակի կեղծ հայրենասերի ձևապաշտություն ենք անում: Արցախն ազատագրել ենք, այն դատարկ է: Հայաստանը 70-ամյա լծից ազատվել է, բայց դատարկվում է: Ո՞ր մեղքի համար, ու՞մ դեմ պետք է բողոքենք սրա համար: Չկա մարդը, մենք բողոքելու տեղ չունենք: Որ դուռը գնում, խփում ես՝ կամ ջրցան մեքենան են հանում կամ ոստիկանի դուբինկեն: Ցավին նորից ցավ են ավելացնում »:
Ա. Նախշքարյանի խոսքով՝ ինքը Հայաստանը լքողներին կողմնակից չէ, քանի որ քանի գնում, մեր երկրում պայքարողները քչանում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել