Այն, որ ամեն ինչի մասին հայերս յուրօրինակ պատկերացում ունենք, փաստ է: Այդ պատրանքներով էլ կառուցում ենք մի հայկական աշխարհ, որից չդժգոհելն ուղղակի անկարելի է դառնում: Սակայն տրտնջալուց առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչ հումք է ստանում քաղաքական շուկան, ինչ ապրանք կա վաճառասեղանին, ինչպես նաև անհրաժեշտ է հատկապես ուշադիր լինել ժամկետանց ապրանքների հարցում...

Դասական մոտեցմամբ` քաղաքական մշակույթը պիտի արտադրի և փաթեթավորի այնպիսի գաղափարներ, որոնք կստեղծեն հանրային շարժում, գաղափարակիրների բանակ, որը կռիվ է տալիս հանուն առաջընթացի: Իսկ հասարակական առաջընթացը ոչ մեկը չի կարող կասեցնել, և նրանք, ովքեր չեն սպասարկում հասարակության իդեալները, կմնան, իհարկե, խաղի մեջ, բայց դրա անունն արդեն քաղաքականություն չէ: Որովհետև քաղաքակիրթ աշխարհում ուժեղ կամ մկանուտ քաղաքականություն ասելով՝ ամենևին էլ ձեռնամարտը նկատի չունեն: Իսկ մերոնք խոստացված շախմատի փոխարեն երկարաձգում են բռնցքամարտի ռաունդները...

Ընդդիմությունը քաղաքական դիսկուրսում ընկալվում է որպես հասարակության վաղվա օր. քաղաքագետներն ասում են՝ ցույց տվեք ձեր ընդդիմությանը, և մենք կասենք, թե վաղը քաղաքական ինչ եղանակ է սպավում... Ի դեպ, պետության համար ավելի վտանգավոր է գաղափարազուրկ ընդդիմությունը, քան նույնիսկ անգործունակ իշխանությունը: Ընդդիմությունն այսօր մարդկային, ֆինանսական հսկայական ռեսուրսներ է ծախսում, հենվում է զանգվածային, երբեմն արդարացի դժգոհությունների վրա, սակայն, ըստ էության, քաղաքական ապրանք չի թողարկում: Հրապարակ են նետվում ոչ թե գաղափարներ, այլ մարտահրավերներ, որոնք հավասարապես ընդունելի են նաև իշխանությունների համար:

Մինչդեռ ընդդիմությունը` որպես քաղաքական միավոր և խաղացող, վաղուց արդեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ է ենթադրում: Իսկ ընդդիմության դժգհությունն իր ռեսուրսով և նշանակությամբ չպիտի նույնանա, օրինակ, մեր հարևան Վարդուշ տատիկի դժգոհությունների հետ: Ընդդիմությունն ասում է` կա այս խնդիրը և պետք է վերացնել, բայց չէ՞ որ իշխանությունը դա չի էլ թաքցնում, ի՞նչ է, տարբերությունը ճիշտ ճանապարհի մասին նվազ կամ մեծ թյուրիմացությու՞նն է...

Հռչակված քաղաքական մշակույթի պահանջարկ, այո՛, իհարկե կա, այնպես որ՝ անխուսափելի էր շախմատային սկբնախաղին հաջորդած անփառունակ վերջնախաղը, որովհետև անտեսվեց հիմնական խաղացողը` հասարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել