Տիկին Նուլանդի տարածաշրջանային այցը կարևոր էր հատկապես այն տեսանկյունից, որ սա նման մակարդակի ամերիկյան պաշտոնյայի առաջին գործուղումն էր Հայաստան՝ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների գործադրումից հետո, և սպասելի էր նրա կողմից, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, երկկողմ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի տեսլականի ներկայացումը: Գնահատելի է այն, որ ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել մի շարք կարևոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Միաժամանակ ուշագրավ է այն, որ մեզանում առավել մեծ ուշադրության արժանացան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և դեռահասի սպանության ու մի շարք այլ հանցագործությունների համար Արցախում դատապարտված դիվերսանտներին ադրբեջանական կողմին հանձնելու հնարավորության մասին տիկին Նուլանդի կողմից հնչեցված տեսակետները: Այսպես՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ապագայի առնչությամբ նա իր ուրախությունն է արտահայտել առ այն, որ Հայաստանը չի կասեցրել իր մասնակցությունը դրան, և շատերին տարօրինակ թվաց բարձրաստիճան պաշտոնյայի այս պնդումն անմիջապես այն բանից հետո, երբ պարոն Սերժ Սարգսյանը ետ կանչեց խորհրդարանից չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ, որ տիկին Նուլանդն իրավացի է՝ Հայաստանն այդ գործընթացի մասնակիցն է համարվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի չեղարկել արձանագրությունների տակ դրված ՀՀ պաշտոնական ներկայացուցիչի ստորագրությունը: Դիվերսանտների հետ կապված տիկին Նուլանդի մարդասիրական մոտեցումները շատերին վրդովվեցրեցին՝ դժվար է հասկանալ մարդասպաններին, փաստորեն, ազատություն շնորհելու և Ադրբեջանում հերոսացնելու առաջարկը: Կարծում եմ, որ այս խնդիրը քաղաքական համատեքստում է պետք դիտարկել՝ մարդասիրական մղումների մասին ասածները դնելով մի կողմ: ԱՄՆ-ը, ինչպես և Հայաստանի Հանրապետությունը, չեն ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, և քանի դեռ խնդիրն իր իրավական լուծումը չի ստացել, Արցախը դիտարկում են որպես Ադրբեջանի տարածք, որը գտնվում է Բաքվի դատական իրավազորության տիրույթում: Հետևաբար նաև ԼՂՀ դատական ատյանների գործունեությունն օրինական համարել չեն կարող: Արցախի դատարանների որոշումներն օրինական կհամարվեն այն երկրների կողմից, որոնք կճանաչեն ԼՂՀ պետական անկախությունը: Ահա սրա մասին պետք է մտածեն ՀՀ քաղաքական ու պետական շրջանակները: Մյուս կողմից արժե հիշել նաև, որ եթե չեմ սխալվում, Ռուսաստանի արտգործնախարարն էր առաջինը, ով բարձրաձայնեց ՌԴ-ի միջնորդությամբ դիվերսանտներին Ադրբեջանին արտահանձնելու հնարավորության մասին. սա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյան պարզապես վերականգնել է հավասարակշռությունը: Այս իրավիճակում հայկական կողմերը հնարավորություն են ստանում որոշ քայլեր կատարելու համար: Եթե Հայաստանը ռուսական պատկան մարմինների հետ համատեղ քննություն է կատարում Գյումրիի դաժան սպանության գործով, ապա Արցախը կարող է առաջարկել ամերիկյան կողմին այս կարգի հանցագործությունների համատեղ նախաքննություն իրականացնել, ինչպես նաև, մինչև արցախյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը, իրավական աջակցություն ցուցաբերել ադրբեջանի քաղաքացիներին ԼՂՀ դատարաններում և արցախցիներին ադրբեջանական դատական ատյաններում, այս կարգի համագործակցության փոխընդունելի ձևերը կարելի է գտնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/576442909158071?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել