2.03.2012
Մեծ պահքի 12-րդ օր:
Բ Օր. 7.11-8.1, Հոբ 9.1-10.2, Ես. 40.9-17
<<Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ով է նրա դեմ համառել ու հաջողություն գտել>>, - ասում է Հոբ երանելին: Կարծում եմ, այսօրվա ընթերցումներից կարող ենք սա առանձնացնել` մտորելու մեր մարդկային բնության համառ բնավորության մասին: Հոբն իրեն բաժին ընկած փորձություններով ու դժվարություններով, երկրային ցանկալի ամենի կորստյամբ հանդերձ, լավագույնս օրինակ է ծառայում խոնարհության, Աստծո կամքին հնազանդվելու պատրաստակամության: Մեր կյանքի իրական և ոչ թե կարծեցյալ հաջողությունները պայմանավորված են միմիայն Աստծու կամքը փնտրելու և դրան հետևելու բարի կամքով, այդ ժամանակ է, որ Աստծու շնորհների դռները բացվում են մեր առջև` վայելելու մեր կյանքում Նրա ներկայության ու ներգործության բերկրանքն ու ջերմությունը: Հիրավի, Աստծուն հակառակվելու և Նրա կամքին համառելու ճանապարհը, որն արդեն իսկ բարի չէ, չի կարող մեզ առաջնորդել դեպի Լույս և Կյանք: Եվ նման պարագաներում պետք է զգուշանալ, որ չարի ու մեղքի դրդմամբ հնարավոր ժամանակավոր թվացյալ հաջողությունները հարատև գայթակղության և հմայվածության մեջ չգցեն մեր հոգին ու միտքը` հեռացնելով մեզ մեր Արարչից, Ով <<մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ>>: Հետևապես, բարեկամներս, մեր գործերով չհակառակվենք Աստծուն, քանզի ի վերջո հաջողություն չպիտի գտնենք, այլ փնտրենք Նրա կամքը` մեր առջև ունենալով արդար Հոբի օրինակը:
Եվ պատահական չէ այսօրվա այս հատվածը մեզ մատուցելը, քանզի առաջիկա կիրակին հայտնի է Անառակի կիրակի անունով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=310097169053569&id=100001598644661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել