1. Հետաքրքրիր փաստեր

1. Երկրի համար, որը աշխարհին տվել է «Դիսնեյլենդ» և «Աստերիքսի այգին», գոյություն չունեն ամեն ճաշակի համար զվարճանք ստեղծելու սահմաններ: Խոսքը Ֆրանսիայի Էկզաս պատմական շրջանում գտնվող Կոլմար քաղաքի մոտակայքում բացված «Փոքրիկ իշխանին» նվիրված այգու մասին է: Տարվելով ռոմանտիկ թեմատիկայով՝ «Փոքրիկ իշխանի» զվարճանքների այգու հեղինակները կյանքի են կոչել ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերի՝ սիրո և ընկերության մասին պատմող ամենաբարի պատմությունը: Այգու այցելուների ուշադրությանը ներկայացված են համանուն ստեղծագործության տեսարանները՝ 3D ֆիլմից, որոնք թույլ են տալիս առավելագույնս իրատեսական ներկայացնել փոքրիկ հերոսի ճամփորդությունները: Հիշելով այն մասին, որ Անտուան դը Սենտ Էքզյուպերին եղել է ոչ միայն գրող, այլև՝ օդաչու, այգու ստեղծողները խաղերի համար օգտագործել են նաև իսկական կրկնաթև ինքնաթիռ: Կրկնաթև ինքնաթիռը ունի երկու թև՝ միմյանց վրա: Հենց այսպիսի ինքնաթիռով է իրականացվել առաջին թռիչքը պատմության մեջ: Այգու տարածքում հնարավոր է մասնակցել գիշերային թռիչքի իմիտացիային և անձամբ համոզվել զրոյական տեսանելիության պայմաններում ինքնաթիռի կառավարման բարդության մեջ:

Այգու բոլոր նկարները տեսնելու համար այցելեք հետևյալ հղումով:

2. Գիրքը գրվել է 1942թ.-ի ամռան և աշնան ամիսներին, երբ Էքզյուպերին ապրում էր Լոնգ Այլնդում (Նյու Յորք):

3. Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով, վաճառվել է 140 մլն տարբերակ:

4. 2003թ. լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով:

5. Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու:

6. Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքը:

7. Կա կարծիք, որ վարդի նկարագրության միջոցով նա ցանկացել է ներկայացնել իր կնոջը:

8. Ֆրանսիացի մի հավաքորդ անգամ չի կասկածել, թե ինչպիսի բացառիկ նմուշ ունի իր հավաքածուում՝ հայտնաբերել են «Փոքրիկ իշխանի» սևագիրը՝ շատ հետաքրքիր գլուխներով: Հայտնի հեքիաթի այդ հատվածները դրվել են աճուրդում, ավելի ճիշտ ձեռագրի 2 էջեր: Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ձեռագրի վաճառքից կարելի է ստանալ 40-50 հազար եվրո: Ամենից շատ չհրատարակված հատվածներ կան 17-րդ և 19-րդ գլուխներում: Դրանցում գլխավոր հորոսը պատմում է Երկիր մոլորակ կատարած իր այցի մասին: Սևագրերն արվել են 1941թ.-ին, իսկ հեքիաթը հրատարակվել է 1943թ.-ին:
Արդեն հրապարակվել են որոշ հատվածներ: Օրինակ՝ մտորումներ երկրի և նրա բնակիչների մասին՝ «Եթե այս մոլորակի բոլոր բնակիչներին՝ սպիտակներին, դեղիններին, սևերին, երեխաներին, ծերերին կանանց ու տղամարդկանց, հավաքենք միասին, ոչ ոքի չմոռանալ, կանգնեցնել իրար կողքի՝ ինչպես ցույցերի ժամանակ, ապա ողջ մարդկությունն ամբողջությամբ կտեղավորվի Լոնգ Այլենդ կղզում»:

9. Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:

2. Կերպարներ

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ: Վիպակի գեղարվեստական արժանիքներից են կերպարների բարդ այլաբանությունը, նուրբ հումորը, թախծոտ քնարականությունը: Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը: Սենտ Էքզյուպերին նաև պատկերազարդել է վիպակը. նրա պատկերազարդումներն այդ իմաստուն հեքիաթի գեղարվեստական հյուսվածքի անքակտելի մասն են: Ամենակարևորը, որ գրքում նշած բոլոր կերպարները, որոնց գրքում հանդիպում է փոքրիկ իշխանը, կա մեզնից յուրաքանչյուրիս մեջ:

1. Փառասերը.

Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր:
Այս հանդիպումից մենք պետք է եզրակացություն անենք, որ չպետք է տարվենք միայն մեզանով և լցվենք դատարկ սնափառության զգացումով:

2. Հարբեցողը.

Սա այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը: Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը: Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից:
Եզրակացություն՝ պետք է ուժեղ լինել ու հաղթահարել սեփական թուլությունները, այլ ոչ թե տառապել ու ամոթի զգացում ունենալ սեփական անձի նկատմամբ:

3. Գործարարը

Կերպարը կերտում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը.
– Իսկ ինչի համար ես տիրում աստղերին:
– Որպեսզի հարուստ լինեմ:
– Իսկ ինչու ես ուզում հարուստ լինել:
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ…

Եզրակացություն՝ աշխատանքով չպետք է տարվել այնքան, որ մոռանանք ինքներս մեզ, մեր սիրելիներին, այլ հակառակը՝ պետք է նկատել աստղերին, որոնք փայլում են, վերջալույսը, որ ամենագեղեցիկն է, և մարդկանց, ում սիրում ենք և ովքեր մեզ են սիրում:

4. Լապտերավառը.

Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակը ամենից փոքրն էր ու զվարճալին: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում: Այս մոլորակում դրականն այն էր, որ լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում: Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է: Լապտերավառը այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների: Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես:

5. Աշխարհագրագետը.

Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ: Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է:

6. «Օձի խայթոցը», «Փոքրիկ Իշխանի վերադարձը».

«Փոքրիկ իշխան»-ի այս հատվածից պարզ է դառնում, որ յուրաքանչյուրս ունենք մեր առաքելությունը այս աշխարհում: Սովորեցնում է, որ տիեզերքում գտնվող միլիարդավոր աստղերից մեկը մեզ է պատկանում, որ երբ հուսահատ ենք ու ոչ մեկը չկա, ում հետ կկարողանանք ազատ խոսել, հենց այդ ժամանակ կարող ենք մեր աստղին դիմել: Իսկ բոլոր այն պահերին, երբ մենք երջանիկ ենք, պարզապես պետք է շնորհակալություն հայտնենք մեր աստղին: Ցանկանում եմ մեջբերել Լեոնիդ Ենգիբարյանի խոսքերը. «Հայացք նետեք,երկնքում անշարժ աստղեր կան»…
Ինչպես Փոքրիկ Իշխանն էր իրեն պատասխանատու զգում իր վարդի համար, որին այդպես ընտելացրել էր, այնպես էլ մենք պետք է պատասխանատվություն կրենք նրանց՝ մեր ընտրած աստղերի առաջ: Եվ երբեք չպետք է ձգտենք այնտեղ, որտեղ մենք չկանք, որովհետև գուցե էլ հնարավորություն չլինի վերադառնալ մեր մոլորակ, ուր մեզ այդքան սիրում են ու գնահատում: Իսկ երբ մե՞զ են ընտելացնում: Երբեմն դրա հետևանքներն ավելի ցավոտ են լինում…
Ստեղծագործության վերջում օձի խայթոցը օգնում է Փոքրիկ Իշխանին վերադառնալ իր մոլորակը: Բայց արդյո՞ք նա վերդառանում է: Դա արդեն կախված է նրանից` արդյոք մենք հավատում ենք դրան, թե` ոչ:

7. Բաոբաբները.

Բաոբաբները խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը: Ինչպես Փոքրիկ Իշխանն է ասում, մինչև մեծանալը բաոբաբները փոքր են, և գառնուկը հեշտությամբ կարող է դրանք ուտել: Նման կերպ` մեր մեջ ծնված վատ, չար մտքերը սկզբում մատաղ ծիլերի են նմանվում, որոնք մենք հեշտությամբ կարող ենք «արմատախիլ անել», վանել մեզանից, իսկ եթե դա չանենք, ապա դրանք կվերածվեն «մեծ ու հսկա բաոբաբների»:
Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:
Մոլորակը, հենց մենք ինքներս ենք, այդ իսկ պատճառով, մեր արտաքին տեսքին ուշադրություն դարձնելուց զատ, պետք է մտածենք նաև մեր հոգևորի մասին, փորձենք հեռու վանել մեզ տանջող վատ ու չար մտքերը, որոնք թունավորում և բարդացնում են մեր կյանքը:

8. Սլաքավարը և վաճառականը.

Պատահական չէ, որ սլաքավարին ու վաճառականին Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո: Սլաքավարն ու վաճառականը խորհրդանշում են մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը: Նրանք ներկայացնում են այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են: Նրանք շտապում են առանց իմաստի, առանց հասկանալու: Նրանք անընդհատ ժամանակ են խնայում: Այո, մենք մեծերս այսպիսին ենք. միշտ շտապում ենք և անընդմեջ կրկնում ենք՝ թե ժամանակ չունենք: Մենք այլևս փոքր չենք և մոռացել ենք, թե ինչպես են ի սրտե ծիծաղում՝ նույնիսկ շտապելիս:

9. Ջրհորը

Ջրհորը մեր երազանքների խորհրդանիշն է: Ջրհորն այն է, ինչն իրականում մենք փնտրում ենք, նույնսիկ առանց նկատելու, թե որքան մոտ է այն: Չէ՞ որ, ինչպես Փոքրիկ իշխանն է ասում, անապատը լավ է, քանի որ նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված:
Ամենևին էլ կարևոր չէ մենք աղբյուր ենք փնտրում անապատում, թե թիթեռնիկ փողոցի խաչմերուկում: Անհնար ոչինչ չկա, մեր յուրաքանչյուր երազանք մեր կողքին է, ուղակի պետք է հավատալ ու փնտրել սրտով:

3. Մեջբերումներ

► Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

► Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

► Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:

► …Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի…

► Այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

► Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

► Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

► Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…

► Ես փորձում եմ պատմել նրա մասին, որպեսզի հանկարծ չմոռանամ նրան:

► – Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը:
– Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը:
– Ուրեմն այն օրը,երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը շատ էիր տխուր:

► – Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:

► Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել:

► Չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…

► Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

► Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:

► Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

► – Էլ մի ձգձգիր…դա անտանելի է…Եթե որոշել ես գնալ՝ գնա…

► Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:

-Ամենագլխավորը աչքով չես տեսնի,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

► Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:

► Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում:

► – Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…

-Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետեվ դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

-Որովհետեվ ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

► Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

► Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տա- րեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:

► Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ:

► – Իսկ ինչպե՞ս են ընտելացնում,- հարցրեց Փոքրիկ Իշխանը
– Դա վաղուց մոռացված հասկացողություն է,- բացատրեց աղվեսը:- Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ…
– Կապվե՞լ…
– Հենց բանն էլ այդ է,- ասաց աղվեսը:- Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր տղաները: Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…

► Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

► Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»

 ► Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:

► «Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ,-ասում էր թագավորը,- ու եթե գեներալը չկատարի հրամանը, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:

► Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի: Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:

► – Իսկ որտե՞ղ են մարդիկ,- վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:- Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:
– Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,- նկատեց օձը:

► – Գնա, մի անգամ էլ նայիր մյուս վարդերին: Դու կհասկանաս, որ ՔՈ վարդը աշխարհում միակն է:

► Չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով: Նրանք, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:

► Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

► Գիտես ինչու՞ է  անապատը լավ . նրա մեջ ինչ-որ տեղում աղբյուրներ են թաքնված:

►- Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:

► Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան:

► – Սրտին էլ է ջուր պետք:

► Թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:

► Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել:

► – Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում,- ասաց Փոքրիկ իշխանը:- Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում…

► – Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…

► – Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ: Դու միշտ իմ բարեկամը կլինես: Դու կուզենաս ինձ հետ ծիծաղել: Երբեմն, ա՛յ այսպես, պատուհանդ կբացես, ու քեզ համար հաճելի կլինի…Եվ քո բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում…Իսկ դու նրանց կասես. «Այո, այո, ես միշտ ծիծաղում եմ, երբ նայում եմ երկնքին»: Եվ նրանք կկարծեն, թե դու խելքդ թռցրել ես: Ա՜յ թե ինչ խաղ կխաղամ ես քո գլխին…

► Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:

► Շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը…

► Մարդիկ էլ երևակայություն չունեն…Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են…

► Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում…

 

 

► Եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը, ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնո՞ւմ ես, այնտեղ՝ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…

► – Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ,- շարունակեց Փոքրիկ իշխանը: – Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն և ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրան էի շիրմայով առանձնացնում: Նրա համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է:

► – Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա:

► – Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել