Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակի ընթացքում և հատկապես Սաակաշվիլիի իշխանության օրոք բավական զարգացան վրաց-թուրքական հարաբերությունները. խորացավ համագործակցությունը տնտեսական և էներգետիկ ոլորտում, զգալի թիվ կազմեց թուրքական ներդրումների քանակը, աճեցին զբոսաշրջիկների փոխայցելություններն այդ երկրներ: Միևնույն ժամանակ նախկինում և այժմ ևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի Թբիլիսին և Անկարան վայելեն լիարժեք վստահությունը միմյանց հանդեպ և ավելի խորացնեն առկա համագործակցությունը:
Հատկապես աչքի է զարնում Թուրքիայի լկտի պահվածքը՝ դրսևորվող Թբիլիսիի հանդեպ: Առավել վառ օրինակն Աբխազիայի և Թուրքիայի միջև ձևավորվող որոշակի հարաբերություններն են, ինչը, բնականաբար, անհանգստացնող է վրացական կողմի համար, և վերջինս բավական խանդով է վերաբերում ցանկացած գործողության, որը տեղի է ունենում Անկարայի և Սուխումիի մասնակցությամբ:
Ժամանակ առ ժամանակ տվյալ խնդիրն առաջ է գալիս՝ հուշելով Թբիլիսիին Թուրքիայի անազնիվ գործելաոճի և անվստահ գործընկեր լինելու մասին: Մասնավորապես, վերջին շրջանում հաճախակիացել են Թուրքիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների այցելություններն Աբխազիա: Նույնը կարելի է ասել աբխազ պաշտոնյաների և ակտիվ հասարակական գործիչների՝ Թուրքիա կատարվող այցերի առնչությամբ:
Վերջին դեպքը, սակայն, վրաց-թուրքական հարաբերությունների տեսանկյունից վեր է ցանկացած տրամաբանությունից: Փետրվարի 10-15-ին Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան աշխատանքային այցով եղել է Անկարա, որտեղ հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, առողջապահության, էներգետիկայի, տնտեսության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և այլ ոլորտները ներկայացնող թուրք պաշտոնյաների հետ:
Տվյալ իրադարձությունը ցավագին է ընդունել վրացական կողմը: Վրաստանի ԱԳ նախարարություն է կանչվել Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը, ով կրկին անգամ փորձել է այլ կերպ ներկայացնել իրականությունը՝ նշելով, որ այդ այցելությունները պաշտոնական չեն, և Թուրքիան հավատարիմ է մնում Վրաստանի օկուպացված տարածքների մասին դիրքորոշմանը:
Վրաստանի փոխարտգործնախախար Գիգի Գիգիաձեն, սակայն, հայտարարել է, որ Թբիլիսին հետևողական է լինելու վերոնշյալ խնդրի առնչությամբ և այն բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ խիստ կերպով բարձրացնելու գործում:
«Այն, որ վերջին շրջանում նմանատիպ այցելությունները հաճախակիացել են, փաստ է, և մենք այս խնդիրը լրջորեն կքննարկենք մեր թուրք գործընկերների հետ»,-հայտարարել է Գիգիաձեն:
Հ.Գ. Այս անգամ Թուրքիան ստիպված է լինելու բացատրել Թբիլիսիին, թե ինչպես է հնարավոր իրականությունը միշտ խեղաթյուրել և եղած փաստը ներկայացնել այլ բովանդակությամբ, և ընդհանրապես, ինչ նպատակ են հետապնդում նմանատիպ այցելությունները: