Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միջազգային անվտանգության ապահովմանըOrer.am-ը գրում է․

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-ին Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» խորագրով եվրոպական տարածաշրջանային համաժողովին: Վերջինս նպատակ ուներ քննարկելու ՄԱԿ-ի ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների մասնակցության փորձն ու դասերը, ինչպես նաև նրանց կողմից ընդգրկվածության ընդլայնման հնարավորությունները:

ՀՀ պատվիրակության անունից ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը’ վերահաստատելով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը Հայաստանի հանձնառությունը, ներկայացնելով Հայաստանի կողմից խաղաղապահ գործողություններին մասնակցության փորձը, հետագա ծրագրերը և դրանց ուղղությամբ իրականացվող քայլերը:

Համաժողովի արդյունքներն ամփոփող եզրակացությունները եվրոպական տարածաշրջանի երկրների կողմից ներդրում կդառնան ՄԱԿ-ում սկսված խաղաղապահ գործողությունների վերանայման գործընթացին:

Նիդերլանդներ աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը հանդիպել են Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Վիմ Գերթսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և վերջին շրջանում հակամարտության գոտում լարվածության աճին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և միջազգային կառույցներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, միջազգային անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ ջանքերի գործադրմանը և արդի մարտահրավերներին դիմագրավելուն առնչվող հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել