Newsline.am-ը գրում է․
Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չեն պահանջվի, եթե Ուկրաինայում պահպանվեն հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպումից առաջ, գրում է TACC-ը:
«Ուկրաինական հակամարտության մասնակիցները պետք է անհապաղ սկսեն ծանր ռազմական տեխնիկայի դուրսբերումը հակամարտության գոտուց՝ Մինսկի պայմանավորվածությունները կատարելու նպատակով, նաև հաշվի առնելով այսօր Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձև»,- ասել է Մոգերինին:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ ուշ երեկոյան միաձայն ընդունել է փետրվարի 12-ին ստորագրված Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միջոցառումների փաթեթի աջակցության մասին բանաձևը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվեցին ուկրաինական հակամարտության ժամանակ:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը չեն ընդունում Ղրիմի անեքսիան Ռուսատանին, և Մոսկվային մեղադրում են Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ:
Հուլիսի վերջին ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի որոշ կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածեցին ամբողջ երկրի վրա՝ պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի ողջ տնտեսական, բանկային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում:
Սրան ի պատասխան՝ Ռուսաստանն արգելափակեց պատժամիջոցները կիրառող երկրներից պարենային ապրանքների ներկրումը:
Նշենք, որ փետրվարի 11-12-ին Մինսկում Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության կարգավորմանն ուղղված «Նորմանդյան քառյակի»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև բանակցություններն առանց դադարի տևել են ավելի քան 16 ժամ:
Բանակացությունների ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ի կեսգիշերից սկսած դադարեցնել կրակը Դոնբասում, դուրս բերել ծանր զինտեխնիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: