Ես շատ ուշադիր կարդացի Լ.Տ.Պ.-ի նամակը հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին: Ես երբեք չեմ հավատացել և չեմ հավատում Լ.Տ.Պ-ի անկեղծությանը, նա երբեք էլ անկեղծ չի եղել, երբեք լրջորեն, սրտացավությամբ չի մտահոգվել Հայաստանի զարգացման ու անվտանգության մասին: Հենց Լ.Տ.Պ-ի և նրա մերձավոր համախոհների հովանավորությամբ էր, որ ծաղկած հանրապետությունը զարմանալի կարճ ժանանակամիջոցում ավիրվեց, թալանվեց ու վերածվեց մի մռայլ, խավարապատ ու աղքատ երկրի: Մեր ժողովուրդն այդ ժամանակները հիշում է որպես հանրապետությունն ավերելու, համատարած թալանի, ամեն ինչ քանդելու, խավարի ու տգիտության տիրակալության, մի մռայլ ու մթագնած ժամանակաշրջան:
Հենց այդ ժամանակաշրջանում եր, որ ասպարեզ եկան անհայտ ծմակներից հայտնված թերահաս ու տկարամիտ, նույնիսկ բացարձակ տգետներ, միջակություններ ու դիլետանտներ և սկսեցին համատարած հաշվեհարդար տեսնել փորձված ու գիտակ կադրերի հետ, իրենց համար ճանապարհ բացելով, ընչաքաղցությամբ հափռելու տասնյակ տարիների ընթացքում ժողովրդի ստեղծած հարստությունները։ Կարճ ժամանակում անհայտ ուղիներով ասպարեզ եկան օլիգարխներ: Այդ ի՞նչ պատահեց, որ Լևոնը հիմա, մոռանալով այդ դժոխային ժամանակները, Կաֆկայի հերոս Զանզայի կերպարանափոխման արագությամբ վերածվեց ժողովրդի ապագայի մասին մտահոգված միավորի: Նա խորամանկ է, ամենայն հավանականությամբ, օգտագործելով պահը, նա հետապնդում է ինչ–որ հետին նպատակներ: Պատահական չէ, որ նա առաջարկում է ստեղծել մի մեծ հանձնաժողով. և տեսեք, թե ում է առաջարկում ընդգրկել այդ հանձնաժողովում, «որի խնդիրը պետք է լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը»:
Ուշադրություն դարձրեք նրա նամակի մի նախադասությանը. հանձնաժողովը «տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին», հետո ավելացնում է «պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից»: Այսինքն` խորհրդային 70 ծաղկուն տարիների պետական գործիչների և մտավորականության պատկերացումներից:
Իսկ որո՞նք են այդ ավանդական պատկերացումները (պարզ ասենք` նա նկատի ունի մեր դարավոր ազգային կողմնորոշումը` Ռուսաստանի հետ բարեկամությունը), և ովքե՞ր են այդ պատկերացումներից վեր կանգնածները: Ահա նրանք. Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Արա Սահակյան, Կտրիճ Սարդարյան, Ժիրայր Լիպարիտյան և այլն:
Հիմնականում նրանք, ովքեր հանրահավաքներին, կոկորդ պատռելով, հանդես եին գալիս մոլեգին հակառուսական հայտարարություններով: Վանո Սիրադերղյանը գոռում էր. «թող վելիկոռուսները գնան Կովկասից այն կողմ, մենք մեր հարևանների հետ (Ադրբեջանի ու Թուրքիայի) լեզու կգտնենք»: Ավելի թունոտ հայտարարությամբ աչքի ընկավ Կտրիչ Սարդարյանը. «ՙՀասել է այն ժամը, երբ մեր հարևան Ադրբեջանի հետ պետք է մոռանանք մեր ընտանեկան վեճերը և դուրս քշենք Ռուսաստանին Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ ու բարեկամ հարևանների հետ կովկասյան մեր տունը կառուցենք»:
Այս հայ քաղաքագետին տեսե’ք. 1918-20 թթ. Բաքվի, 1988-90 թթ. Սումգայիթի, Կիրովադադի և այլ քաղաքների հայկական ջարդերը, Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը մանր «ընտանեկան վեճեր» են, և պետք է մոռանալ ու թուրքերի օգնությամբ «կովկասյան մեր տունը» կառուցել: Հանրահավաքներին արված հայտարարություններով նա չբավարարվեց, հետո հանդես եկավ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական թերթում, որի էջերը ողողված էին Լևոնի փառաբանումներով:
«Ռուսաստանը պետք է գնա այստեղից,-գրում էր Սարդարյանը,-դա մեր ազգի ապագայի համար բախտորոշ ու փրկարար իրադարձություն է… Ռուսաստանը պետք է գնա, որ դուք (դիմելով մեր ժողովրդին, Ս.Մ.) ձեր հայրենիքը շենացնելու գործին նվիրվեք»: Տեսնո՞ւմ եք՝ ինչ նրբանկատություն է ցուցաբերում նա` Ռուսաստանն է խանգարում «հայրենիքի շենացմանը» մեր նվիրվելուն: Այդ քաղաքական մոլորյալները, թե ազգադավերը, այրելով Ռուսաստանի հետ կապող կամուրջները, միաժամանակ մերժում, դատապարտում էին մեր ժողովրդի արդարացի պահանջատիրական ձգտումները:
Ցեղասպանության ճանաչման պահանջները համարելով աննպատակ ու անիմաստ՝ քարոզում էին թուրքահաճ գաղափարներ` հայտարարելով, որ մենք, փոխանակ ընդունելու մեր մեղքը, իզուր տեղը «քաղաքակիրթ» դարձած թուրքերին, ադրբեջանցիներին (Ա. Բլեյան) «հայհոյում, բարբարոսներ» ենք անվանում: Ահա «երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներից» վեր կանգնած մարդիկ, որոնք պետք է ընդգրկվեն հանձնաժողովի մեջ և Լ. Տեր-Պետրոսյանի ցանկացած տեսքը տան համահայկական առաջին, մեծամասնության կողմից բարձր գնահատված, իսկ Լ.Տ.Պ.-ի կողմից անվանարկված «խայտառակ» հռչակագրին:
Կարծում եմ, որ հազիվ թե նախագահը համաձայնվի Լ-ի պահանջով խճճել այդ առաջին համահայկական հստակ փաստաթուղթը: