Magaghat.am-ը գրում է․
Գրքերի շնորհանդեսները մեր իրականության լուսարձակումներն են, և այնքան հաճախադեպ, որ դրանցով արդեն ոչ մեկին չես զարմացնի։ Հանրությունը նորանոր հրատարակություններ է ստանում, հրճվում, նաև ոգևորվում, որ քաղաքակրթական այդ արժեքն անմեռ է։
Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի գրքերն այս համապատկերից դուրս են։ Ճիշտ կլինի ասել` վեր են։ Օրինակ ինչպե՞ս գնահատես նրա եռալեզու աշխատությունը, որը հեղինակը վերնագրել է ,,Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ,,։ Հայերեն, անգլերեն, այս տարի նաև թուրքերեն թարգմանված գիրքը Արևմտյան Հայաստանի փրկված կենսագրությունն է` արժեցած հեղինակի կյանքի գրեթե վեց տասնամյակների ջանադրությունը։
Կարծում եմ` Հայոց պահանջատիրությունն առանց այս կոթողի կլիներ թույլ, պակասավոր։ Եղեռնապուրծ մարդկանց պատմությունները, որոնք տիկին Վերժինեն մասունք առ մասունք հավաքել է Հայաստանի և աշխարհի հայահոծ վայրերում, անառարկելիորեն հաստատում են բնօրրանում հայերի բռնի նահատակության փաստը։ Սա գիրք է, բայց նախևառաջ` ոճրի անաչառ դատափետում, որն անտարակույս հայության փոխհատուցման հիմքերից մեկն է լինելու։
Սակայն տիկին Վերժինեի ազգօգուտ գործունեությունը պարփակվում է այլ` ոչ պակաս արժեքավոր գործերով։
Բանն այն է, որ թուրքն ու նրա հանցակիցները Հայաստանի հայաթափման ծրագիրը նյութելով` նպատակ էին դրել ազատվել թե բնիկ հայությունից, թե նրա գոյությունը փաստող բոլոր ապացույցներից։
Հայի հետ ջնջում էին նրա ստեղծած նյութական ու հոգևոր բոլոր արժեքները… Փրկվածների սերնդի հետ երկրի երեսից վերանալու էր նաև այն ամենը, ինչը հիշողությունը կապում էր հայրենիքի հետ։
Հարկավոր էր փրկել փրկվածների հիշողությունը` երգը, խաղիկները, պատմությունները, կենցաղի մանրամասները…
Խորհրդային տերությունն արգելքի տակ էր պահում թե ցեղասպանության թեման, թե դրանով հետաքրքվողներին։ 1956թ. Երևանի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Վերժինե Սվազլյանի համար արգելքները դեր չխաղացին։
Մեր անդրանիկ հանդիպման ժամանակ ես առաջինն այդ առեղծվածով հետաքրքվեցի։
Մի՞թե վախ չկար։
- Ձեր հարցն ինձ տեղափոխեց 1956-ի շոգ ամառը,-պատմեց զրուցակիցս։- Ես գերազանցությամբ ավարտել էի մանկավարժական ինստիտուտը, մայրաքաղաքում նշանակում ստացել և բոլոր հնարավորություններն ունեի հանգիստ աշխատանքով զբաղվելու: Սակայն վճռեցի շարունակել հայրիկիս՝ գրող և հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի գործը: Նա փրկվել է Իզմիրի 1922 թվի աղետից, ծովով լողալով հասել եվրոպական մի նավի և նրա ծխնելույզում թաքնվելով ապաստանել նախ Հունաստանում,ապա Եգիպտոսում: 1947-ին ընտանիքով հայրենադարձվեցինք Հայաստան, ուր հայրս վախճանվեց: Ես ոգևորված էի Վերֆելի մասին նրա պատմածներով և սկսեցի հավաքել մուսալեռցիների բանավոր ստեղծագործությունները: Իմ և եղեռնից փրկված այդ մարդկանց միջև առաջին կամուրջը ձգվեց Երևանի Մալաթիա թաղամասում: Ապա ես յուրացրի մուսալեռցիների բարբառը, սովորեցի նաև թուրքերեն գրել:
Տեղյակ էի` փրկված նշխարներն ամփոփվեցին «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» 5-րդ գրքում, որը պարունակում է ոչ միայն արևմտահայոց բառ ու բանը, այլև ազգագրական քարտեզներ, աղյուսակներ, բառարան, նոտագրություններ, ծանոթագրություններ: Այսինքն ամեն ինչ արված է գիտական բարեխղճությամբ:
Հավանաբար այդ հանգամանքն է դրդել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ հովանավորելու գրքի լույսընծայումը:
- Հաջորդ հանրագումարը ո՞րն է լինելու,- հարցնում եմ տիկին Վերժինեին։
- «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» գիրքս:
Այսինքն տարողունակ թեմա ներառող գիրք, որի ստեղծման դժվարությունները հայտնի էին նաև ինձ։ Գրեթե երեք տասնամյակ բնակվելով Մալաթիա թաղամասում`ինքս էլ զրուցել ու ձայնագրել էի բազմաթիվ վերապրողների։ Արդեն ծեր էին, վախվորած, հիշողության խաթարումներ ունեցող։ Խոսում էին շշուկով, խոսքին թուրքերեն կամ արաբերեն արտահայտություններ խառնելով։ Հետաքրքիր է, թե տիկին Վերժինեն մասնագիտական ինչ կարողություններով է նրանցից լիարժեք տեղեկություններ քաղել։ Հարցն այսպես ձևակերպեցի.
- Մարդկանց մտապահածում իրադարձությունների սարսափը բանահյուսական նյութին գերակայո՞ւմ է:
Զրուցակիցս մի պահ անակնկալի է գալիս, պատասխանում է վերհիշելով.
- Տղամարդիկ ավելի շատ իրադարձություններն են մտապահել, իսկ կանայք՝ նաև հեքիաթները, պատմական երգերը, զրույցները, օրորոցայիններն ու անեծքները: Զեյթունցի Կարապետ Թոզլյանն ասում էր. «Մենք խաղի, պարի հետևեն չէինք, մենք հրացանի հետևեն էինք, որ մեր պատիվ, նամուս փրկենք»: Բայց ես փնտրել, պեղել, գտել եմ բանահյուսական շատ արժեքներ, որոնք գալիս են առաջին նվաճողների՝ Կիլիկիա թափանցելու ժամանակներից մինչև Տեր-Պետրոսյանի և Բուշի հանդիպումը:
- Տիկին Վերժինե, խնդրում եմ ասեք` փրկված հայերի մտապատկերում հայրենիքը կորուսյալ դրա՞խտ է, նրանք վերադարձը պատկերացնո՞ւմ են:
- Անպայման են պատկերացնում: Ահա մի բնորոշ պատառիկ՝ արևմտահայոց բանահյուսությունից.
Հայաստան երթալ կուզեմ,
Մշտական մնալ կուզեմ, Մասիս սարի կատարին
Դրոշակ պարզել կուզեմ:
Վերադարձ դրոշակով։ Ահա թե ինչ նպատակի է ծառայում հայուհիներից այս ամենատքնավորի գործունեությունը։
Թեև գործունեություն ասվածն ամենաքիչն է համապատասխանում Վերժինե Սվազլյանի արածին։ Ահա նա նայրաքաղաքի Մալաթիա թաղամասի բավիղներում`տնետուն ու դռնեդուռ ընկած բանասացներ փնտրելիս, ահա Կ.Պոլսի Ս.Փրկիչ հիվանդանոցում` բուժվողի կարգավիճակում. իրականում նոր գրքի համար նյութեր է ժողովում։ Քեսապ գյուղում է` Քնարիկ դստեր հետ վերապրածի հիշողությունն են ,,թարմացնում,,…
,,,Վերժինե Սվազլյանի հետ մտովի հաճախ եմ զրուցում։ Վերջերս գլխի ընկա, որ դրանք զրույցներ չեն` երախտիքի խոսքեր են, որոնք ծնվում, բայց արտահայտվել չեն հանդգնում`այնքան անզոր են, միօրինակ…
Սակայն դրանցից ազատվել նույնպես չեմ կարողանում, որովհետև այսպիսի մարդկանց մեծարելը քիչ է, նրանց հարկավոր է Ազգի փառադարանում պահել ու պահպանել։
Նրանց ապրած յուրաքանչյուր ակնթարթը նվիրում է, հայտնագործություն, սրբազան նպատակներին մոտենալու աներեր քայլ։
Քանի որ տիկին Սվազլյանը շնորհակալության կարիք չունի` նրան մաղթեմ տևական ներկայություն Հայոց կյանքում և Արդար արեգակի ներքո։
Մեր սիրելի, դրոշակակիր Վերժինե Սվազլյանին։