ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի քաղաքական լուռ երկխոսությունն ի վերջո, երկու օր առաջ հասավ մի շատ կարևոր հանգրվանի: Թեև նախագահ Սարգսյանի ելույթի ոճն ու բովանդակության սրությունը խիստ անսպասելի էր, բայց այն արդեն կայացած փաստ է ու ցույց է տալիս, որ երկու քաղաքական ուժերի միջև ընթացող անդրկուլիսային բանակցությունները մտել են փակուղի ու, Սերժ Սարգսյանը որոշել է լուծել ԲՀԿ-ի «հարցը»:

Կարելի է նաև ենթադրել, որ իշխանությունները դրանով նպատակ ունեին ներքաղաքական դաշտում ու, մասնավորապես ԲՀԿ-ի հետ հարաբերություններում որոշակի հստակություն մտցնել: Մյուս կողմից, գործընթացներն արագացնելով պարզ էր դառնում, թե որ քաղաքական ուժը կամ որ քաղաքական գործիչն ինչ տրամադրվածություն ունեն և որքանով են գործում ռադիկալ դաշտում: Այսինքն` սրանով պարզվում է` ով ով է:

Նախագահ Սարգսյանի ելույթին հայտարարությամբ պատասխանեց Գագիկ Ծառուկյանը, ով թեև երկար ժամանակ խուսափում էր արտահերթ նախագահական ընտրություններ արտահայտությունը կիրառելուց` այն գործածելով անուղղակի կերպով, բայց այս անգամ արդեն դա նշվեց` որպես կարևորագույն պահանջ:

Սակայն պետք է նկատել, որ Ծառուկյանի ելույթը ադեկվատ չէր ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցված նախագահի ելույթին ու դրա շեշտադրումներին, սակայն մեծ հաշվով, այդ առումով, այն նահանջողական բնույթի էր:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ազատվել է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Բացի այդ, նրան պատկանող ընկերություններում ստուգումներ անցկացնելու հրաման է տրվել: Այսպիսով` Ծառուկյանի շուրջ գնալով օղակը սեղմվում է ու նա աստիճանաբար զրկվում է իր ունեցած լծակներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել