Newsline.am-ը գրում է․
Ռուսական «Ռիա Նովոստի»-ն և BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:
«Ռիա Նովոստի»-ն գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից ազատվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Գագիկ Ծառուկյանը: Պատճառը խորհրդի նիստերից բացակայելն է: Բացի այդ, նախատեսվում է հարկային ստուգումներ իրականացնել նրա բիզնեսներում:
Անցած շաբաթ ոչիշխանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին և հայտարարել, որ հաջորդ ընտրություններին պետք է փոխել իշխանությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի կենտրոնամետ քաղաքական ուժերից է, այն հիմնադրվել է 2004 թվականին: Կուսակցության առաջնորդը ԱԺ պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի, Multy Group կոնցերնի նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ծառուկյանն առաջին եռյակում է:
Հինգշաբթի երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ծառուկյանին «հովանավորելը» սխալ է եղել:
«Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա՝ գա, երբ չցանկանա՝ չգա», -ասել է Սարգսյանը:
Խոսվել է նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, քանի որ նա 2013-2014թթ. նստաշրջանների ընթացքում նա խորհրդարանում ներկա է եղել ընդամենը չորս նիստի»:
BBC.co.uk-ը ևս մեջբերել է Սերժ Սարգսյանի ելույթից հետևյալ հատվածը. «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա՝ գա, երբ չցանկանա՝ չգա»: Կայքը գրել է, որ Սերժ Սարգսյանի խոսքով՝ 2013-2014 թվականներին խորհրդարանի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին: Սերժ Սարգսյանը նաև դիմել է վարչապետին՝ կոչ անելով ստուգել Ծառուկյանի կողմից հարկեր վճարելուց խուսափելու մասին լուրերը: