Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը համարվել բարերար: Այո՛, կարող է, եթե.
ա. Դուրս գա քաղաքականությունից՝ շարունակելով բարեգործական իր ծրագրերը՝ ապացուցելով, որ իր բարեգործության նպատակը քաղաքական դիվիդենտներ շահելը չէ։
բ. Ապացուցի, որ իր բիզնեսները գործում են լեգալ դաշտում, որ չունեն որևէ չկատարված պարտավորություններ պետության նկատմամբ։
գ. Ապացուցի, որ հարստությունը ձեռք է բերել արդար և ազնիվ գործունեությամբ՝ չվնասելով և չթալանելով պետության ռեսուրսները և պետական գանձարանը:
Այս կետերի բավարարմամբ ցանկացած մեկը, այդ թվում և Գագիկ Ծառուկյանը, կարող է հպարտորեն հայտարարել, որ ինքը բարերար է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում մեր ժողովուրդը և պետությունը բարերարներ ունեցել է և ունի՝
Քըրք Քրքորյան - մարդ, ով նահանգներում աշխատած իր գումարների մի մասը նվիրաբերեց Հայաստանին՝ չունենալով քաղաքական ամբիցիաներ հայրենիքում
Կարեն և Սամվել Կարապետյաններ - եղբայրներ, ովքեր Ռուսաստանում աշխատած իրենց գումարները բարեգործական նպատակներով ուղղում են Հայաստան և Արցախ՝ մեր երկու պետականությունների տնտեսությունները զարգացնելու նպատակով բիզնես ներդրումներ կատարելով հայրենիքում:
Ռալֆ Յիրիկյան - մարդ, ով ղեկավարելով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը, յուրաքանչյուր տարի այս ընկերության եկամուտների հաշվին հսկայական բարեգործական ծրագրեր է իրականացնում և, քաղաքական ամբիցիաներ չցուցաբերելու պայմաններում, այսօր համարվում է ՀՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող անհատներից մեկը:
Այս ցանկը կարող եմ շարունակել, բայց դրա փոխարեն ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենիքին ծառայող բարերարներին:
Իսկ ո՞վ է ասել, որ պետական բարձր պաշտոնյա լինելն առավել պատվաբեր է, քան լինել մի ամբողջ ժողովրդի կողմից սիրված բարերար: