Երևի թե չի կարելի պատահական համարել այն իրողությունը, որ ՌԴ նախագահ Ելցինի հրաժարականից հետո Ռուսաստանի բարձրագույն իշխանությունն անցավ հիմնականում պետանվտանգության կոմիտեի և ուժային քույր կառույցների ներկայացուցիչների ձեռքը: Օլիգարխների իշխանությունը փոխարինվեց ուժային կառույցներում երկարամյա ծառայություն անցած չինովնիկների իշխանությամբ, իսկ օլիգարխների ու նոր իշխանավորների անխուսափելի բախումն էլ ավարտվեց վերջիններիս հաղթանակով: Աստիճանաբար ուժայինների՝ իշխանության գալու գործընթացի ծիրում հայտնվեցին Հայաստանը, Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան ու Արցախը, և սա նույնպես դժվար է պատահականություն համարել: Երեկ հանձին Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի գործող իշխանությունն իր կտրուկ բացասական վերաբերմունքն արտահայտեց քաղաքական ամբիցիաներ դրսևորած օլիգարխ-կուսակցապետ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այսպիսով տևական ժամանակ միմյանց նեցուկ հանդիսացած, կյանքի խնջույքի միևնույն սեղանի շուրջ հաց կիսած մարդիկ պաշտոնապես դարձան թշնամիներ: Օլիգարխի դեմ պայքարում պետական մեքենայի ռեսուրսն են կազմում ուժային բոլոր կառույցները՝ պետանվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, դատախազությունը, բանակը, ինչպես նաև հարկային ու մաքսային ծառայությունները, դատարաններն ու անգամ սանէպիդկայանները, իսկ առավել արդյունավետ գործելակերպն էլ կարող է նրան շտապ կալանավորելը դառնալ: Գործող իշխանության կողմից շնորհազրկված օլիգարխը պետական մեքենայի մամլիչին կարող է հակադրել թվարկված կառույցներում աշխատող իրեն հավատարիմ մնացած մտերիմների, իրեն դաշնակից քաղաքական ուժերի ներուժն ու հուսով լինել, որ ժողովուրդն էլ դուրս կգա փողոց ու իրեն կպաշտպանի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/573185962817099?from_close_friend=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել