Ինքս անկուսակցական եմ, հավասարապես հակակրանք եմ զգում թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի հանդեպ, ուստի չեմ ուզում առանձնապես անդրադարձ անել ու առավել ևս փորձել վերլուծել, թե ով է ճիշտ, իսկ ով սխալ՝ Ծառուկյան-Սարգսյան նոր հակամարտությունում։
Փոխարենը, ուզում եմ բարձրացնել մի հարց, որը, կարծում եմ, առավել կարևոր է իմ պես՝ անկուսակցական ու հայտնի առումով ապոլիտիկ մարդկանց համար։
Կա՞ արդյոք այնպիսի մարդ, որ իրոք հավատում է, որ Ծառուկյանի միլիոններն ազնիվ ճանապարհով են կուտակվել, ու նա հիմա էլ իր ֆինանասատնտեսական գործունեությունում առաջնորդվում է օրենքի տառով։
Կարծում եմ, որ այդպիսիք չկան, համենայն դեպս՝ ողջամիտ մարկանց շրջանում։
Հիմա էկզիստենցիալ հարց. եթե բոլորս էլ հասկանում ենք, որ Ծառուկյանը նույն կարգի թալանչի է, ինչպես այլոք, ապա արդյո՞ք մենք չպետք է ակնկալենք, որ նա կրի պատիժ իր ապօրինությունների համար, անգամ եթե դա քաղաքական դիմակայության հետևանք է ու պատժիչ միջոց։
Պատասխանեմ իմ մասով, իսկ ձեր մասը թողնում եմ ձեզ։ Ինձ համար ամենևին էական չէ, թե ինչ մոտիվներով է պետական ապարատը հիմա ուզում պատժել Ծառուկյանին՝ պայմանով, որ Ծառուկյանը կպատժվի։ Ընդ որում, ինձ համար այդքան սկզբունքային չէ, որպեսզի Ծառուկյանը հայտնվի ճաղերի հետևում, որքան սկզբունքային է, որ թալանի ու խարդախությունների վրա դիզված հարստությունը նա կորցնի ու դառնա, ինչո՞ւ ոչ, պետական սեփականություն։ Եթե դա արվեց, ես միայն կողջունեմ իշխանության «ռեպրեսիան» ու միայն կցանկանամ, որ իշխանությունները շարունակեն ռեպրեսիաները և տարածեն այն ուրիշ օլիգարխների վրա։