«Մինչ այժմ չուսումնասիրված է մնում ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ: Մենք բացեցինք դրանք: Եթե Հայաստանն ունի այդօրինակ փաստաթղթեր, թող բացի դրանք, եթե երրորդ երկրներում էլ կան, ապա թող նրանք էլ բացեն»: Սրանք Էրդողանի խոսքերն են, որոնք հնչել են Կոլումբիա կատարած իր այցի շրջանակներում: Հարց Էրդողանին. այդ ե՞րբ Թուրքիան զարթնեց: Այն ժամանակ, որ Հայաստանն ու այլ երկրները բացել էին իրենց արխիվները, քո երկրում գրեթե բոլորը փակել էին իրենց աչքերն ու բացել բերանները: Հիմա ոնց որ հասկացաք, որ բերան բացելով չի ու սկսեցիք թուրքական խորամանկություն անել: Դե դու ու Դավութօղլուն էլ ստուգեք էդ 1 միլիոն «արխիվը»: Ասենք, ըստ էրդողանական պատկերացումների՝ ինչ կնշանակեն Թալեաթի, Նազըմի, Հալիմի, Համիդի հայտարարություններն ու հրամանները՝ «ոչնչացնել հայերին»: Սրանից պարզ արխիվ չի լինում, եթե որևէ պետության ղեկավարների մտածողությունը կլինիկական իդիոտիզմի չի հասնում:
Բայց նրա էյֆորիան հատեց դիլետանտիզմի ռուբիկոնը. «Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բալկաններում բախումների հետևանքով ու աքսորի ճանապարհին իրենց կյանքին հրաժեշտ են տվել միլիոնավոր մուսուլմաններ: Սակայն դրա հետ կապված՝ մենք որևէ մեկին չենք մեղադրում ցեղասպանություն գործելու մեջ»: Այո, սա մեծ ու տնտեսապես զարգացած երկրի նախագահն է ասել, ու այն երկրի, որը փորձում էր այդ ժամանակ բռնակցել բոլոր հնարավոր երկրներն ու տարածքները, ու որին պարզապես ջախջախեցին Բալկանյան ժողովուրդներն իրենց սպառնացող ցեղասպանությունից փրկվելու համար: Բացի այն, որ Էրդողանն իր այս խոսքով ցույց է տալիս, որ չգիտի՝ ինչ է ցեղասպանությունը, այլ նաև «թուրքական Քիսինջերը» նրան չի հուշել չասել նման բան, որովհետև եթե Թուրքիան ինչ-որ մեկին մեղադրի ցեղասպանության մեջ, ապա դա կլինի բուֆոնադայի ժանրից, իսկ այդ հարցում ստիպված կլինի պայքարել արդեն մի 20 ճակատով: