Մինսկում ավելի քան 15 ժամ տևած «Նորմանդյան քառյակ»-ի բանակցությունները երկակի արդյունք են տվել: Դրականորեն պետք է որակել այն, որ փետրվարի 15-ից ուժի մեջ է մտնում հրադադարի համաձայնագիրը Լուգանսկում և Դոնեցկում: Ըստ փաստաթղթի՝ հրադադարից հետո հինգ օրվա ընթացքում տեղի կունենա գերիների հանձնում: Նշվել է նաև, որ ստորագրված փաստաթուղթը սահմանում է Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի ճանաչումը:
Ինքնին այս որոշումները դրական են, սակայն համաձայնագրի կետերից մեկով առաջարկվում է 30 օրվա ընթացքում անցկացնել տեղական նոր ընտրություններ, որին, բնականաբար, դեմ են Լուգանսկի և Դոնեցկի ներկայիս ղեկավարները, ովքեր էլ չստորագրեցին այս փաստաթուղթը: Ավելի քան տրամաբանական է և կանխատեսելի, որ Ուկրաինայի օրենսդրության ներքո անցնող այս ընտրություններում ներկայիս ղեկավարները չեն կարող կրկին իշխանության գալ:
Կարելի է ասել, որ այս որոշմամբ գնդակը հայտնվեց եվրոպացիների կիսադաշտում: Ըստ իս ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահին, իմ սուբյեկտիվ կարծիքով, ենթարկվող Դոնբասի և Լուգանսկի ղեկավարները նման որոշմամբ իրենց վրա վերցրեցին հարցի կարգավորման հետագա ձախողման հավանական մեղավորությունը: Նախկինում Օլանդի և շատ այլ քաղաքական գործիչների կողմից մեղադրանքի էպիկենտրոնում գտնվող Ռուսաստանի նախագահն այսօր հրապարակայնորեն ցույց տվեց իր նախաձեռնողականությունը՝ հարցի խաղաղ կարգավորման առումով, և հարվածի տակ արդեն երկու «նորաթուխ» պետությունների ղեկավարներն են, ովքեր հանրության մոտ կասոցացվեն որպես հարցի կարգավորման միակ անհանդուրժողական կողմը:
Հ,Գ. Ինչ խոսք, սայլը տեղից շարժվեց մարդկային հետագա զոհերի կանխման և հարցի ոչ ռազմական լուծման առումով, սակայն հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ հետագա կարգավորման ճանապարհը դեռ ճահճոտ է: