ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում:

«ԱՄՆ-ը նախատեսում են խորացնել համագործակցությունը Հայաստանի կառավարության, զինվորականների և անվտանգության ծառայությունների հետ՝ գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին դիմադրելու հարցում»,- նշել է Էրիկ Ռուբինը:
Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը՝ Պետդեպի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ին դա չի կաշկանդում, ԱՄՆ-ը ընդունում է, որ Հայաստանում գոյություն ունի ռուսաստանյան զգալի ներկայություն և չի նախատեսում, որ այն կանհետանա: Էրիկ Ռուբինը նաև ընդգծել է անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ երկկողմ վարժանքների իրականացման, փորձի փոխանակման անվտանգության և պաշտպանության կարևորությունը, նաև այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնելու կարևորությունը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման, Ուկրաինական հակամարտության խորացման և Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պարագայում ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը Հայաստանի հետ: Ընդ որում, համագործակցության շարունակականությունը չի սահմանափակվում միայն պաշտպանության բնագավառում: Էրիկ Ռուբինը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու ՀՀ-ին ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման հարցերում:

Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու և համագործակցության նոր ձևաչափ ընտրելու պատրաստակամությամբ է հանդես գալիս նաև ԵՄ-ն:
Հունվարի 20-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը՝  Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորող, ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող, Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի մասնակցությամբ:

Վերջինս նշել է. «ԵՄ-ն ակնկալում է հաջողակ արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին»:

Փաստորեն ԵՄ-ն հնարավորություն է ընձեռնում Հայաստանի հետ համագործակցության ձևաչափի շուրջ նոր համաձայնագրի մշակման և կնքման համար: Հիշեցնենք, որ դեռևս 2013թ-ի նոյեմբերին Հայաստանը պետք է կնքեր ասոցացման համաձայնագիրը, որը չկնքվեց, իսկ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո արդեն անհրաժեշտություն է առաջացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր համաձայնագրի ստորագրման համար:

Փաստորեն, Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հայտ են ներկայացնում և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն: Այս ամենը փաստում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար հուսալի գործընկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել