Վերջերս շատ է խոսվում Ռուսաստան-Արևմուտք հնարավոր պատերազմի մասին, սակայն կան մի շարք հանգամանքներ, որոնք չեն կարող թույլ տալ պատերազմի մեկնարկ այն ձևաչափով, որով մենք պատկերացնում ենք՝ ռազմական պատերազմ:
Առհասարակ յուրաքանչյուր համաշխարհային պատերազմի ժամանակ միշտ եղել է մի հզոր պետություն, որը չի մասնակցել պատերազմին, սակայն արդյունքում ամենաշատ օգուտը հենց այդ պետությունն է ստացել: 1812 թվականին այդ պետությունն Անգլիան էր, 1918 և 1945 թվականներին՝ ԱՄՆ-ն: Առաջին դեպքում Անգլիան «վերացրեց» իր հիմնական մրցակից Ֆրանսիային՝ թուլացնելով իր մյուս մրցակցին՝ Ռուսաստանին՝ այդ կերպ երկարաձգելով իր ազդեցության ժամանակահատվածը համաշխարհային ֆինանսների և տնտեսության վրա:
Ներկայումս պատերազմ սկսելու հիմնական նպատակը լինելու է համաշխարհային ֆինանսների և տնտեսության նկատմամբ ԱՄՆ գերիշխանության պահպանումը: Սակայն այսօր ԱՄՆ-ն բավականին խնդիրներ ունի՝ թույլ աճող ՀՆԱ, բոլորը բոլորին պարտք են, պետության պարտքերն էլ ավելի շատ են, քան կարելի է երևակայել, ուստի պարզ չի, թե ում ֆինանսների հաշվին է հովանավորվելու կոնֆլիկտը, իսկ այն, որ պատերազմի համար ահռելի ֆինանսներ են պետք, ակնհայտ է:
Հաջորդ հարցն ատոմային զենքն է, որի հետևանքները վերացնելու համար պետությունները կկանգնեն ահռելի խնդիրների առջև, իսկ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ կողմերից մեկը չի օգտագործի այն ծայրահեղ դեպքում՝ հնարավոր պարտությունից խուսափելու համար:
Այս և այլ պատճառներով ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ մղում է այսպես կոչված «հիբրիդային» պատերազմ, որի տարրերն են գունավոր հեղափոխությունները, սոցիալական անկայունություն, նացիոնալիզմ, իսլամական ռադիկալիզմ, ներսում ռազմական բախումներ, ահաբեկչական գործողություններ, հակառակորդի հասարակության նկատմամբ տեղեկատվական ճնշում և այսպես շարունակ: Նման միջոցները շատ ավելի էժան են, քան լայնածավալ ռազմական գործողությունները, իսկ ԽՍՀՄ փլուզումն էլ ցույց տվեց, որ արդյունքն էլ վատը չի լինում: Նման գործողությունների արդյունքում չեն տուժում նաև պատերազմող երկրի ենթակառուցվածքները՝ այս դեպքում Արևմուտքի:
«Հիբրիդային» պատերազմն արդեն սկսված է, ուստի բոլոր երկրները պետք է բավականին զգույշ լինեն, քանզի Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում օգտագործելու է բոլորին՝ իր նպատակներին հասնելու համար: Ներքին ցնցումներն անխուսափելի կլինեն մոտակա ժամանակահատվածում, ինչի արդյունքում շատ երկրներ կբախվեն թե տնտեսական, թե քաղաքական բազմաթիվ խնդիրների: Այս կերպ Արևմուտքը կփորձի ստիպել այսպես կոչված չեզոք երկրներին ենթարկվել խաղի իր կանոններին: