Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն: Հայաստանում «քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ։ Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն գլխավոր թեկնածուները, կարծում եմ, որ այսօրվանից արդեն պետք է սկսել քննարկել և բանավիճել մեր երկրի և ժողովրդի համար ամենաճակատագրական խնդիրների շուրջ և սկսել այլընտրանքներ որոնել՝ հաշվի առնելով համարյա բոլոր ուղղություններով մեր ժողովրդի առջև ծառացած բարդ իրավիճակը: Վերջիվերջո, այս ամենը պետք է ունենա մեկ գլխավոր նպատակ՝ ամենակարճ ժամկետում էական փոփոխություն բերել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում՝ բարոյական, սոցիալական, տնտեսական և այլ ուղղություններում: Ես հինգ այդպիսի ուղղություն եմ տեսնում.
1. Երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի այն բանի շուրջ, թե ինչպիսի անել, որ հանդուրժողականությունն ու արդարությունը դառնան գերիշխող, որ պետական ինստիտուտները դառնան համապարփակ, ծառայեն ժողովրդի շահերին և երբեք չլինեն լծակ քաղաքական խնդիրներ լուծելու համար:
2. Քաղաքական դաշտի առողջացում: Այստեղ հիմնական քննարկումները պետք է լինեն պետական կառավարման համակարգի ձևի և բովանդակության շուրջ: Այսօր հաճախ խոսվում է ամբողջապես խորհրդարանական համակարգի անցնելու մասին: Սա կարող է այս ընտրարշավի հիմնական թեմաներից մեկը լինել: Բայց զուգահեռաբար պետք է քննարկել քաղաքական հակակշիռների խնդիրը և դրան հասնելու ճանապարհները՝ որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր գրավական:
3. Տնտեսական քաղաքականություն: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի առայսօր ակնհայտորեն անարդյունավետ քաղաքականությանը փոխարինող տնտեսական նոր մոտեցումների շուրջ, որոնց հիմքում պետք է լինի բարեփոխումների ճանապարհով հնարավորինս արագ արհեստական մենաշորհների վերացումը, ազատ մրցակցության հաստատումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը: Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: Դրա համար կառավարությունն իր վրա առավել մեծ պատասխանատվություն վերցնելով՝ ամենակարճ ժամկետում պետք է իրականացնի տնտեսական աճին միտված հարկային բարեփոխումներ, որոնք կթեթևացնեն փոքր և միջին բիզնեսի բեռը՝ միաժամանակ հարկային դաշտ բերելով խոշորների հարկային շրջանցումները և ընդլայնելով հարկային բազան:
4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը, արտաքին քաղաքականությունը որպես նպատակ դիտարկելուց անցնել այն որպես միջոց օգտագործելուն և իսկական նախաձեռնողականություն դրսևորել, օգտագործել տարածաշրջանում և դրանից դուրս ստեղծված նոր իրավիճակը՝ մեզ հուզող հարցերում դիվանագիտական առավելության և դրական արդյունքների հասնելու համար:
5. Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Բաց և ազնիվ, զուտ ազգային շահերի հիման վրա պետք է քննարկում սկսել, թե վերջիվերջո Հայաստանն ինտեգրացիոն ինչ ուղղությամբ է ընթանալու: Եթե չգիտես ուր ես գնում, չես կարող կորչել: Այսօր արհեստականորեն մեզ մոտ ստեղծվել է այն զգացումը, որ մենք մոլորված չենք, ինչը գալիս է հիմնականում նրանից, որ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց այս անորոշությունն ունի իր թաքնված կորուստները:
Նախագահական այս ընտրությունները ակնհայտորեն արդեն անձերի ընտրություն չէ, այլ Հայաստանի ապագայի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/498728700138325
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել