ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ավարտից հետո դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Վրաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի մոտ և ուժեղ գործընկեր՝ տարբեր ձևերով իր ներդրումը կատարելով անվտանգության ապահովման ընդհանուր գործում: Վերջինիս խոսքով՝ կառույցը պատրաստ է օգնել Վրաստանին՝ ստեղծելու պաշտպանական առավել ժամանակակից համակարգեր, ինչը թույլ կտա ավելի մոտենալ ՆԱՏՕ-ին: Այս առումով կարևորվել է Թբիլիսիում համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը, որտեղ նշված կառույցի անդամ երկրների և Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ կիրականացնեն վարժանքներ, կանցնեն պատրաստվածություն:
Վերը թվարկված հանգամանքներն թվում է, թե լուրջ ձեռքբերում և առաջընթաց են Վրաստանի համար՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին, սակայն, անհրաժեշտ է փաստել, որ նման գործելաոճը հատուկ է արևմտյան կառույցներին, և այն քաղաքականությունը կամ մարտավարությունը, որն օգտագործում են վերջիններս դեռևս «ուսանող» երկրների նկատմամբ, կարելի է ասել, արդարացված չէ: Եթե դիտարկելու լինենք վերջին տարիներին Վրաստանում իրականացված բարեփոխումները, եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացի զարգացումը, կարելի կլինի կարծել, որ Վրաստանն, ըստ էության, կարող էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ կամ լինել դրան շատ մոտ՝ առնվազն նախորդ տարի ստանալով անդամակցության գործողությունների պլան, ինչը տեղի չունեցավ: Բայց անհրաժեշտ է նաև հասկանալ խնդրի քաղաքական կամքի լինել չլինելու հանգամանքը: Դաշինքի որոշ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն բավականին պատրաստակամ են նշված հարցում, սակայն կան շատ երկրներ, որոնք կտրականապես դեմ են Վրաստանի անդամակցությանը:
Ուստի ստացվում է ՝
ՆԱՏՕ-ն օգտագործում է Վրաստանի տարածքը, «անդամակցության» հանգամանքը և վերջինիս՝ դաշինքի անդամ դառնալու ձգտումը ծառայեցնում իր շահերին: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը լավ հասկանում է, որ ներքին և արտաքին խնդիրներով հագեցած Վրաստանի՝ դաշինքին անդամակցությամբ լուրջ խնդրի առաջ կարող է կանգնել հենց նշված կառույցը՝ հայտնվելով կայունության խարխլման և ռազմական խոշոր գործողություններին ներգրավվելու վտանգի առջև:
Ռուսաստանն, իր հերթին, մշտապես արտահայտվել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումների կապակցությամբ՝ բացահայտ հայտարարելով, որ նշվածն իրականություն դառնալու պարագայում նոր մարտահրավերներ կծնվեն Վրաստանի համար:
Նշանակում է՝ Ռուսաստանն անտարբեր չէ նշված գործընթացին և, ի տարբերություն Վրաստանի՝ ԵՄ-ի հետ «Ասոցացման համաձայնագրի» կնքելու փաստին, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավոր իրողությունը Ռուսաստանը չի հանդուրժելու, և դա հաստատ է:
Հետևաբար անհրաժեշտ է փաստել, որ որքան էլ ցանկությունը մեծ լինի թե՛ Վրաստանի և թե՛ դաշինքի անդամ որոշ երկրների մոտ, այդուհանդերձ վերոնշյալ կառույցին անդամակցության հնարավորությունը Վրաստանի դեպքում դեռ բարձր սարերի հետևում է: