Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ջեքի Մալթոնն անճանաչելիորեն փոխվեց։ Նախկին Ջեքիից ոչինչ չի մնացել, բացի պայծառ ժպիտից։ Արդեն 6 տարի էր, ինչ նա սիրավեպի մեջ էր Ջիմ Մալթոն անունով մի տղամարդու հետ, երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Պարոն Մալթոնն ասել է, որ Ջեքին մի ողջ շաբաթ տառապում էր ուժեղ գլխացավից։ Նրան հետազոտեցին ու նրա մոտ քաղցկեղ ախտորոշեցին։ Ջեքիին անհապաղ վիրահատեցին, քիմիոթերապիա, ռադիոճառագայթային ու ստերոիդային բուժում նշանակեցին, ինչի արդյունքում կնոջ մարմինն սկսեց այտուցվել։ Հունվարի 22-ին զույգին հայտնեցին, որ բուժումը գուցե մի քանի շաբաթ երկարացնի Ջեքիի կյանքը, սակայն հիվանդությունը բուժելն անհնար է։
Մենք հույս ունեինք, որ բժիշկները գոնե մի քանի ամսվա կյանք կտային, սակայն նրանք ասացին, որ Ջեքիին հաշված շաբաթներ են մնացել։

Բժիշկների խոսքը դատավճռի պես հնչեց, այդ դատավճռից կարճ ժամանակ առաջ զույգը նշանվել էր, սակայն ճոխ հարսանիք չէր պլանավորում։ Իմանալով հիվանդության մասին՝ Ջիմը որոշեց իրենց հարսանիքի օրն անմոռանալի դարձնել Ջեքիի համար։ Սարսափելի բոթը լսելուց հետո Ջիմն ամուսնության առաջարկություն արեց նրան, և նրանք ամուսնացան։ Ջիմը բավարար ֆինանսական միջոցներ չուներ, քանի որ հիվանդության բուժման համար մեծ ծախսեր էր արել։

Ջիմի ընտանիքի անդամներից մեկը խորհուրդ տվեց նրան դիմել «Eve Merton Dreams Trust» հիմնադրամին, որն էլ հովանավորեց ու կազմակերպեց զույգի հեքիաթային հարսանիքը։ Սա բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է անմոռանալի պահեր պարգևել քաղցկեղով հիվանդներին։ Հարսանիքը տեղի ունեցավ Դոնքաստեր քաղաքի Քիփմոութ մարզադաշտում։ Ջիմը, ով 4 տարով փոքր է կնոջից, հարցազրույցի ընթացքում նշել է.
Նա բազմաթիվ այլ աղջիկների պես դեռ մանկուց երազում էր կատարյալ հարսանիքի մասին։ Նա չափազանց ուժեղ կին է, բարեսիրտ ու կենսախինդ անձնավորություն։ Թեպետ հարսանեկան տոնակատարությունը շատ էներգիա խլեց Ջեքիից, այդ օրը նրա երջանկությանը չափ ու սահման չկար։

Քայքայիչ հիվանդության պատճառով Ջեքին ստիպված էր անվասայլակով մոտենալ խորանին։ Նորապսակներն իրենց ամուսնական գիշերն անցկացրին հոսպիսում՝ Մակդոնալդս ուտելով, սակայն ինչպես Ջիմն է նշել, կարևոր չէ, թե որտեղ են իրենք անցկացրել իրենց ամուսնական գիշերը, կարևորը, որ միասին են եղել։ Ի թիվս այլ հյուրերի՝ հարսանիքին ներկա էին Ջեքիի աղջիկները՝ 22-ամյա Շերիդենը, 16-ամյա Շանտելը և ութամյա Քեիթլին, ինչպես նաև Ջիմի 16-ամյա դուստր Քեյլեյը և 12-ամյա որդի Քայը։ Հենց որ Ջեքիի վիճակը մի փոքր կայունանա, նրան դուրս կգրեն հիվանդանոցից, և նա իր վերջին օրերը տանն անցկացնելու հնարավորություն կունենա։ Նրա ամուսինն ամեն ինչ կանի, որպեսզի իրենց համատեղ կյանքի յուրաքանչյուր օրն անմոռանալի դառնա։ Ափսոս, որ այդ օրերը հաշված են։




