Էդ ոճով ոչնչի չեք հասնի...
Խորհրդաժողովի մասին շատ են խոսում: ԲՀԿ-ականներն ու նրանց շրջապատն ասում են, որ սրա նման խորհրդաժողով չի եղել, իսկ ՀՀԿ-ականները գտնում են խորհրդաժողովի բացերն ու դրանց մասին են խոսում: Ինչևէ, դա իրենց խնդիրն է, բայց ԲՀԿ-ականները գոնե պետք է կռիվ չտան ակնհայտ փաստերի դեմ: Օրինակ՝ ամեն ձև ուզում են հերքեն, ու ասում են՝ մարդիկ այնտեղ քնած չեն եղել: Ժողովուրդ, դրանից էն կողմ քնել չի լինում:
Նոր թափ են հավաքում փոխադարձ վիրավորանքները: ՀՀԿ-ական պատգամավորը վիրավորում է ԲՀԿ-ական պատգամավորին: ԲՀԿ-ականը հետ է պատասխանում: Հետո ասպարեզ են գալիս այդ պատգամավորների թիմակիցներն ու ընկերները, սկսում են իրար վիրավորել: Մի պահ կանգնենք, ժողովուրդ... Էդ ոճով ոչնչի չեք հասնի իրականում: Նամանավանդ հրապարակային դեմքերը պետք է մի քիչ զուսպ լինեն: Իմանամ՝ իրար վիրավորելով երկրի վիճակն եք լավացնում, կասեմ հա, բայց անիմաստ ժամանակ եք կորցնում ու ձեր դիրքերն եք թուլացնում:
ԱՄՆ-ը նոր դեսպանը Հայաստանում է: Նա ևս ժպտերես մարդ թվաց ինձ: Հույս ունենանք՝ նախորդ դեսպանի համեմատ ավելի հայանպաստ կլինի նոր դեսպանը և ուորլիքյան քաղաքականության ջատագովը չի լինի: Ազերական սադրանքների վրա աչք չի փակի, սահմանային լարվածությունը ճիշտ կներկայացնի և, ի վերջո, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին իր գործուն մասնակցությունը կունենա:



