Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի «դարակազմիկ» խորհրդաժողովը։ Ընդհանուր տպավորությունս ամփոփեմ մեկ նախադասությամբ՝ փուչիկ միջոցառում էր։
Ոնց էր երևում Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը. ոչ մի քաղաքական ուղերձ խորհրդաժողովը չէր պարունակում։ Իսկ դեմքերի ու մասնակիցների առումով կատարյալ սնանկություն էր. ոչ մի նոր, հետաքրքիր բան ո՛չ դեմքերի, ո՛չ էլ ելույթների ու ասելիքի առումով։
Ըստ էության, Ծառուկյանը վախեցած է սահմանադրական բարեփոխումներից, որոնք, անկախ իր քմահաճույքից, տեղի են ունենալու։ Վախեցած է, որովհետև մի պահ մտքով անցել էր նախագահի թեկնածու լինել։
Ամենատպավորիչը, թերևս, սրահն էր, որը, սակայն, կարելի էր օգտագործել այլ նպատակներով։ Գեղեցիկ դահլիճ էր, խոսք չկա, բայց թե ինչու է տրամադրում տենց անուշ քնի, անհասկանալի է: Ինչպես ասում են, նյութական ռեսուրսների մասին անընդհատ շեշտողին աշխարհը նյութական ռեսուրս է թվում, քաղաքականությունն էլ՝ տաքուկ գանձարան:
Այսքանն առաջին տպավորության մասով: Քաղաքական գնահատականները՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: