Մի շարք հարցեր են առաջանում, երբ խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկում են որպես Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպելու հարցում գործունակ դերակատար: Նախ հարկ է հասկանալ, թե կոնկրետ ինչ ուղղության վրա է հնարավոր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի՝ որպես Անկարայի առաջխաղացումը կասեցնող գործոնի ակտիվացումը: Ակնհայտ է, որ ոչ եվրոպական, ոչ մերձավորարևելյան-արաբական, ոչ էլ (համենայնդեպս` առայժմ) իրանական ուղղության վրա Հայաստանը Թուրքիային զսպելու տեսանկյունից առանձնահատուկ դեր ստանձնելու ունակ չէ՝ այդ տարածաշրջաններում գոյություն ունեն միանգամայն գործունակ տեղական ռեսուրսներ: Միակ ուղղությունը, ուր ՀՀ կարող է ծառայել որպես թուրքական ներթափանցմանը խոչընդոտող գործոն, դա Հարավային Կովկասի տարածաշրջանն է ու ռուսական Հյուսիսային Կովկասը, այսինքն՝ այն ուղղությունը, ուր Թուրքիայի ակտիվությունը զսպելը հանդիսանում է առավելապես Ռուսաստանի կարևորագույն ռազմավարական խնդիրը: Աշխարհաքաղաքական գործընթացների ներկայիս զարգացումն այնպիսին է, որ հենց այս վերջին ուղղության վրա էլ հենց սպասելի է թուրքական ռազմաքաղաքական ու տնտեսական ակտիվության նկատելի, ագրեսիվ աճը, սակայն բացակայում են փաստարկված հիմնավորումներն այն բանի, որ Միացյալ Նահանգները կարող են անհրաժեշտ համարել կասեցնել Անկարայի այդ նկրտումները հայաստանյան գործոնը խաղի մեջ մտցնելու միջոցով: Առավել ևս այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն է ամեն կերպ հասկացնում, որ համակողմանիորեն պատրաստ է զարկ տալ ռուս-թուրքական անկաշկանդ ու տարատեսակ անհարկի պայմանականություններից զերծ «փոխներթափանցմանը»: Արժե հիշել թուրք-իսրայելական հարաբերությունների ցուցադրական-սկանդալային վատթարացման պատմությունը, երբ Անկարան, համարյա խզելով հարաբերությունները Թել-Ավիվի հետ, զուգահեռաբար արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իսրայելի հիմնական հզոր հակառակորդները՝ Իրաքը, Լիբիան, Սիրիան և Եգիպտոսը, կործանվեն: Կատարվածի նմանությամբ Թուրքիան կարող է շատ առինքնող խայծի դեր կատարել Ռուսաստանի պարագայում: Մենք նաև պետք է հաշվի առնենք այն, որ հայկական հարցը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը, Արևմտյան Հայաստանի տարածքների պատկանելության և Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում տալու վերաբերյալ հարցերը Միացյալ Նահանգները կարող են ակտիվացնել նաև առանց պաշտոնական Երևանի ներգրավման, քանզի քաղաքական զարգացումները հնարավոր է այնպես ուղղորդել, որ Հայաստանն ու հայկական հարցը միմյանցից տարանջատվեն ու հայտնվեն ապագա հնարավոր բաժանարար գծի տարբեր կողմերում: Գոյություն ունեն միանգամայն որոշակի նախանշաններ, որոնք հուշում են, թե ինչ չափերի մեջ է մնալու ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի համար նախատեսված ազատ գործելու հնարավորությունն ու որչափ ի վնաս մեզ մտերմիկ կլինի ռուս-թուրքական սիրաբանության ժամանակաշրջանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/569405206528508?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել