Հետաքրքիր է, բոլորն արմատական փոփոխություններ են ուզում, ու այդ փոփոխությունների մասին խոսում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը, բայց ոչ մի անգամ ոչ մեկ չասաց, թե որտեղ են թաքնված այդ անտեր կամ գուցե և տերով արմատները, և ի վերջո ինչը պետք է փոխենք: Հիմա այս տեղերը կարդալուց հետո ընդդիմության ներկայացուցիչները կտան իշխանության ներկայացուցիչների անուններ, իսկ իշխանության ներկայացուցիչները՝ ընդդիմության: Բա իհարկե, ինչո՞ւ խորը մտածել, եթե կարելի է միանգամից պատասխանել նրան, ինչ դարերով արմատացել է մեր մեջ՝ «Միշտ դիմացինն է մեղավոր, իսկ ես հրեշտակից 5 պակաս անմեղ եմ»: Այդ արմատներն իրականում ոչ թե անհատ մարդկանց մեջ են, այլ հենց մեր ժողովրդի հոգեկերտվածքի մեջ: Արմատական փոփոխություններ անելու համար պետք է նախ գտնենք մեր «արմատների» մեջ բացերը, վախերը և այլ խանգարող հանգամանքներ: Օրինակ՝ «Միշտ դիմացինն է մեղավոր, իսկ ես հրեշտակից 5 պակաս անմեղ եմ» մտածելակերպը, այսինքն՝ ուրիշի վրա սաղ գցելը, նույնպես փոփոխության ենթակա արմատ է:
Յուրաքանչյուր տարածաշրջանում քաղաքականությունը, հիմնական ընդունված գծերից բացի, կիրառվում է ըստ տեղային սովորույթների: Դրսից եկած որոշ արժեքներ տեղայնացվում են, իսկ որոշները, ընդհակառակը, կատոգորիկ մերժվում են: Այստեղ սխալվելը շատ հեշտ է, ու պետք է ընտրելուց շատ զգույշ լինենք, որ հետագայում արմատական փոփոխությունների մասին չխոսենք:



