Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ աղետներ, արհավիրքներ, ոճրագործություններ, ցեղասպանություններ և այլ սև օրեր են ապրել տարբեր պետություններ և ժողովուրդներ: Կյանքը, սակայն, շարունակում է մեզ «պարգևել» նոր և սարսափելի անակնկալներ, ամեն օր լսում ենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց մահվան մասին տեղեկություններ, տեղեկություններ, որոնք գամվում են նորագույն պատմության էջերին և դառնում հաջորդ սերունդների ուսումնասիրության առարկա: Երևույթ, որը սպառնում է աշխարհի շատ պետություններին և առհասարակ մարդկանց, թերևս դժվար է բացատրել, այսինքն՝ բացատրել հնարավոր է միայն մասամբ, բայց ընդհանուր դիտարկման առումով անընդունելի և անհասկանալի է բանական և գիտակից մարդու համար:
Խոսքն, իհարկե, ահաբեկչության մասին է, որն, իրականում, ունի իր նախապատմությունը և նախկինում արտահայտվել և տեղ է գտել որոշ դրսևորումներով, սակայն ներկայում մարդկությունը գործ ունի բոլորովին այլ, չափազանց վտանգավոր և ժամանակի ընթացքում առավել խորացող սպառնալիքի հետ: Եթե մի պահ պատկերացնենք, թե վերջին տասնամյակում և հատկապես վերջին տարիներին ինչ զարգացումներ են տեղի ունենում աշխարհում, կարելի կլինի հստակ կարծիք հայտնել, որ մարդկության հիմնական քննարկման և մտահոգվելու առարկան հենց ահաբեկչությունն ու դրա դեմ մղվող պայքարն է:
Թվում է, թե աշխարհի գերտերությունները, առաջադեմ մարդկությունն ամեն գնով և միջոցով ձգտում են ոչնչացնել վերոնշյալ չարքը, այդուհանդերձ, օբյեկտիվ կլինի արձանագրել, որ իրականության մեջ ահաբեկչությունն ավելի ու ավելի մեծ ծավալներ է ընդգրկում և շարունակում է զարգանալ: Հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսների անընդհատական ներդնումը վերոնշյալ պայքարին, կարծես, ցանկալի արդյունք չի տալիս: Ահաբեկչական գործողությունների, ահաբեկիչների թվաքանակը օրեցօր մեծանում է:
Այսպիսով ստացվում է, որ ահաբեկչությունն անմա՞հ է, և անհնա՞ր է այն վերացնել կամ մեկուսացնել:
Ինչպես ասում են. «անհնարին ոչինչ չկա, կարևորը ցանկությունն է»:
Անխոս, այդպես է, քանզի այս ամենի մեջ անհրաժեշտ է գտնել պատճառահետևանքային կապ:
Հիշենք 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ոճրագործությունը. ահաբեկչությանը զոհ գնացին հազարավոր անմեղ մարդիկ: Հետևողական պայքարի արդյունքում, 14 տարի անց, սակայն, ունենք ավելի ցավալի պատմություն: Գրեթե բոլոր մայրցամաքներում ահագնանում է ահաբեկչության վտանգը, իրավիճակը ծայրահեղ սուր է, հատկապես Արևելքում, Արաբական աշխարհում: Իսլամական շարժումները, մոլի հավատացյալ մահմեդականները, շարքային մարդիկ, կանայք, երեխաներ համալրում են տարբեր ահաբեկչական կազմավորումների շարքերը: Ուստի օր առաջ պետք է կանխել, արգելել, թույլ չտալ, որ նշված գործընթացը զարգանա:
Իսկ, իրականում, ո՞վ կարող է իրականացնել դժվարին այդ խնդիրը:
Հարցը թողնում եմ անպատասխան:
Հ.Գ. Երբեմն անցանկալին ցանկալի իրականություն դարձնելը ստանում է կենսական նշանակություն, քանզի հաճախ տարբեր երևույթների կամ գործողությունների առաջացման պատճառը ծնող օբյեկտն ինքն է դառնում թիրախ:
Միայն մեկ բան կավելացնեմ. Ամերիկայի սնած գազանը մի օր կարող է հոշոտել հենց իրեն: